Տալու ու առնելու մասին և Մինասի մեծ սիրտը
Հարյուրավոր հոդվածներ ենք գրել թանգարանների, պահոցների, նկարներ պահելու խնդիրների մասին։ Թե որքան ուշադրություն են պահանջում նկարները՝ խոնավությունը շատ չլինի, ջերմաստիճանի տատանումները մեծ չլինեն ու իհարկե՝ այցելուներ լինեն։ Թանգարաններն ու նկարները ապրեցնելու համար։
«Քո արվեստը» նախաձեռնությունը շատ քննարկվեց՝ չգտանք արվեստագետ, որ ասեր՝ այո, տարեք նկարները թանգարաններից դպրոցներ։ Որովհետև այդ նկարները ապրեցնելու համար հատուկ պայմաններ են պետք, իսկ պայմանները հետները շրջելը՝ շատ թանկ կլինի։ Դեռ չասած այլ բաների մասին։
Տպավորություն է, որ նախաձեռնողները չեն եղել ոչ թանգարաններում, ոչ դպոցներում։ Երևի դիտել են ամերիկյան «Ջոկոնդայի ժպիտը» ֆիլմը ու որոշել՝ ինչ անենք, որ կրեատիվ լինի, ոչ ոք արած չլինի ու ուրեմն «թույն» միտք լինի։ Ինչպես կինոյում։
Պատճառաբանությունը, թե՝ երեխաները տեսել են ինչպես են օլիգարխները իրենց թիկնապահներով շրջում, իսկ հիմա կտեսնեն, թե ինչպես են նույն պայմաններով՝ թիկնապահներով ու թանկանոց մեքենաները բերում իրենց մոտ, կհասկանան, թե այդ նկարները որքան թանկ են ուրեմն... նման է քաղքենի, սրտում օլիգարխի կուլտը օրինակ ունեցող, մանկամիտ բացատրության։
Միթե օլիգարխին նմանությունը պիտի երեխային բերի նկարը գնահատելու մտքին, միթե նկարի՝ իր ոտքով գալը իր մոտ պիտի սեփական արժեքի ինքնագիտակցություն ծնի։
Ինչ ասել այսպիսի զուգահեռների մասին։ Ինչ ասել այս զուգահեռները ծնողի մասին։ Նախ՝ մի բան՝ նա չի եղել ոչ դպրոցում, ոչ թանգարանում, ու եթե եղել է՝ չի տեսել ոչ նկար, ոչ թանգարան, ոչ երեխա, ոչ դպրոց։
Արայիկ Հարությունյանի նախարար դառնալուց հետո երկար ժամանակ միակ մոտեցումը դպրոցին՝ մի թելադրեք երեխան ինչ հագնի, տնօրենները կաշառակեր են, ուսուցիչները չպիտի պարտադրեն... իսկ նախընտրականը լրիվ հրաշք էր՝ խոսող գրքեր։ Գրքեր, որոնց խոսեցնելու համար սմարթֆոն է պետք։
Ինչ ասել։ Տասնյակներ անգամ գրեցինք մարզային, գյուղական, սահմանային դպոցների մասին։ Անպատուհան, անհատակ, կաթող տանիքներով, ուսուցիչների պակասով ու միայն եղածների ու տնօրենի պատվախնդրությամբ ապրող դպրոցներ։ Ուղարկեցինք այդ հոդվածները և նախկին, և նոր ԿԳ նախարարներին։
Ինչ արդյունք։ Ոչ մի։ Տպավորություն է, որ նայում ու չեն տեսնում իրական խնդիրները։ Երեխան, ում ծնողները ուտելիքից են կտրում իր հագուստը, կոշիկը ու դպրոցը հասցնելու համար, պիտի նայի, թե ինչպես են իր մոտ նկար բերում ու հասկանա, որ ինքը արժե՞ք է այս պետության համար։ Դա՞ է չափանիշը։
Տարեք երեխաներին թանգարաններ, դրան առանձնացրեք գումարներ։ Գոնե երեխաները կկտրվեն իրենց միջավայրից մի պահ, կտեսնեն ինչպես են ապրում ուրիշները, էլ ինչ կա այս աշխարհում, որ Հայաստանն է։ Տարեք, թող իրենք նայեն ու իրենք տեսնեն։ Նկարը տանում աչքերն եք խոթում, որ ինչ։ Կարծում եք ամբողջ կյանքը այս երեխաները նախանձել են օլիգարխներին ու հիմա կուրախանա՞ն, որ «սարերը եկել են իրենց մոտ»։ Ինչ տարօրինակ մտայնություն է, ինչ ծուռ հայացք իրերին ու նրանց վիճակին։
Անցնենք արվեստի գնահատմանը։
Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում գտնվող Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է։ Եզրը որն է՝ կործանվում է։
«Այն պետք է վերականգնվի, հետո ապամոնտաժվի, որովհետև այդ տարածքը փլատակ է, այդտեղ պահել չի լինի։ Մոտավոր արժեքը 20-25 հազար դոլար է»,-panorama.am-ին ասել էր «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ, նկարչի որդի Արման Ավետիսյանը։
Մինասը մեծ սիրտ ուներ, նա առանց ափսոսալու իր տաղանդը ծաղկեցնում էր ոչ միայն կտավներին ու բեմերին, այլև պատերին՝ գյուղերում, գործարաններում..., մարդկանց աչքերի առաջ։ Ո՞ւ ինչ։ Ինչպես դրանք պահպանվեցին ու գնահատվեցին։ Ինչ են սովորում երեխաները դրանց կողքով անցնելիս։
Դե վերականգնեք տեղերում, առանց Երևան բերելու, թող մարդիկ ու նրանց երեխաները տեսնեն, հասկանան, թե ինչ խնամք է ցուցաբերվում արվեստին, հանճարին։
Դե սարքեք դպրոցները դպրոց, կրթօջախ՝ առանց խոսող խեղկատակության, որ հասկանան երեխաները որ իրենք էլ արժեք են։
Երեխաները նուրբ արվեստ են՝ նրանք էլ պիտի զտեն այն, ինչ իրենց է տրվում։ Թանգարանային շատ նկարների մեջ իրենք պիտի գտնեն իրենցը, պարզեն իրենց տեսանկյունը, հայտնագործեն իրենց ու իրենց պետք միակները։
Առանց հասկանալու երեխաներին ու արվեստը, դուք չեք կարող դրանք իրար տալու ու մոտեցնելու ձևերը գտնել։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- «Քո արվեստը»՝ անիմաստ ապուշություն
- ԿԳՆ ու ՍՈՑԱՊ, Տիգրանիկս գուլպա չունի, հանդ է գնում ոտաբաց
- Ելնեմ, մի կանոններ տի գրեմ ԿԳՆ համար
- «Կրթության» ենիչերիները
- Գյուղական դպրոցների մասին պատմությունների շարքն՝ առանց մեկնաբանության, «խոսող» լուսանկարներով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան