Համաներմամբ ազատ արձակվածներից 6-ը կալանավորվել է, 7-ը հետախուզվում է
Համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը հունվարի 21-ի դրությամբ 589 է։ Նրանցից 30-ը հասցրել են նոր հանցագործություններ կատարել։
Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից մանրամասնեցին, որ համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018թ. նոյեմբերի 6-ից մինչև 2019թ. փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում համաներմամբ ազատ արձակված անձանցից 30-ը կրկին կատարել են 53 հանցագործություն։
«Ընդ որում, 37-ը կատարել են գողության (որից 12-ը՝ բնակարանային), 2-ական դեպք է եղել ծեծի, մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու՝ առանց հափշտակելու նպատակի, սառը զենք պահելու, ավազակության և մեկական դեպքեր՝ խուլիգանության, գույքի դիտավորյալ վնասման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման, սպանության սպառնալիքի, ճանապարհատրանսպորտային պատահարի և դրամանենգության»,-հայտնեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից։
Հանցագործություններ կատարած անձանցից 15-ը ստորագրությամբ բաց են թողնվել, 6-ը՝ կալանավորվել, 1-ը՝ ձերբակալվել, 1-ը՝ ՃՏՊ-ի հետևանքով մահացել է, իսկ 7-ի հայտանաբերման ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ:
Համաներմամբ ազատ արձակվածների կողմից կատարված նոր հանցագործության առավել շատ դեպքեր արձանագրվել են Երևան քաղաքի Կենտրոն (12 դեպք), Քանաքեռ-Զեյթուն (6 դեպք), Շենգավիթ (5 դեպք) վարչական շրջաններում, այնուհետև Շիրակի մարզի Գյումրի քաղաքում (6 դեպք), Լոռու մարզի Ստեփանավան և Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում (4-ական դեպք):
«Մնացած բնակավայրերում արձանագրվել են առավել քիչ դեպքեր, իսկ Երևան քաղաքի Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում նման դեպքեր ընդհանրապես չեն արձանագրվել»,-մանրամասնեցին ոստիկանությունից։
Համաներմամբ ազատ արձակված անձանց կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխարգելելու նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից տրվել են մի շարք հրաման-ցուցումներ:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Հայաստանում գողությունների թիվը զգալիորեն ավելացել է։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2019թ. հունվարի 25-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է գողության 2717 դեպ, այն դեպքում, երբ 2017թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ու 2018թ. հունվարի 25-ի դրությամբ գրանցվել է 1959 գողություն։ Ոստիկանությունում հակված են կարծելու, որ թվի աճը պայմանավորված է հաշվառումից չթաքցնելու գործելաոճով։
«Վերը նշված հանցագործությունների դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և վերջիններս չեն խուսափում դիմել ոստիկանություն, գրեթե իսպառ բացակայում է հաղորդումները հաշվառումից թաքցնելու գործելաոճը, ինչպես նաև հանցավորության վրա ազդող դետերմինացիոն համակարգի` սոցիալական, տնտեսական, հոգևոր-բարոյական և այլ գործոններով:
ՀՀ ոստիկանությունը, սեփականության դեմ ուղղված հանցագործություների աճով պայմանավորված, 2019թ. իրականացվելիք աշխատանքներում դրանց դեմ պայքարը դիտել է որպես առաջնային թիրախ և ներկայումս մշակվում է այդ աշխատանքների բարելավմանն ուղղված համալիր ծրագիր»,-ասացին ոստիկանությունից՝ ավելացնելով, որ քննարկումներին ներգրավվելու են շահագրգիռ գերատեսչություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին: