Անհրաժեշտ է ձևավորել այն կենտրոնը, որը թույլ չի տա բևեռների բախում. Արթուր Ղազինյան
«Նորաստեղծ «Մեկ Հայաստան» կուսակցությունն իր գործունեության հիմքում դրել է ցենտրիզմը, որի առկայությունը որոշակիորեն կհավասարակշռի և կհակակշռի բևեռացված քաղաքական հոսանքներին, նրանց կբերի ռացիոնալ աշխատանքների, որոշումների՝ հանուն պետականության ամրապնդման»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության հիմանադիր Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով՝ մայիսին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո հասարակությունը բաժանվեց հեղափոխական-հակահեղափոխականների, սև ու սպիտակների, բայց անկախ ամեն ինչից Հայաստանում մեծ թիվ են կազմում խելամիտ և ռացիոնալ մտածող, մեջտեղում գտնվող, ոչ այնքան ռադիկալացված հասարակության շերտեր, խմբեր, գործարարներ, որոնք կցանկանան տեսնել իրենց տնտեսական և սոցիալական կայունության համար անհրաժեշտ քաղաքական հնարավորություններ։
«Անհրաժեշտ է ձևավորել այն կենտրոնը, որը թույլ չի տա բևեռների բախում»,- ասաց Ղազինյանը։
Նա նաև շեշտեց, ինչպես և ցանկացած արտախորհրդարանական կուսակցություն, իրենցը ևս պետք է պատրաստվի ընտրական գործընթացներին. «Էլեկտորատի ձևավորման և դրա գեներացիայի հարցում պատրաստվում ենք համագործակցել մասնագիտական հանրույթների հետ՝ իրավաբաններ, ճարտարապետներ, բժիշկներ, գործարարներ, հասկանալու նրանց մոտ կուտակված հարցերը, խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները՝ դրանք հետագայում քաղաքական կյանքում տրանսֆորմացնելու համար»։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը՝ հիմնադիրը հայտնեց, որ առաջիկայում այս մասով մանրամասն ծրագիր կհրապարակեն, բայց իրենք կողմնակից են հավասարակշռված, ՀՀ ազգային շահին համապատասխանող արտաքին քաղաքականության։
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի կազմակերպիչների հայտարարությունն՝ այստեղ։