Քաղաքագետ. Ռուսաստանի իշխանությունների վստահության մթնոլորտը, եթե չասենք բացակա է, ապա՝ աղտոտված է
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Սիրիա զորախումբ ուղարկելով Հայաստանի իշխանությունները չեն կարողացել շահել ռուսական իշխանությունների վստահությունը։ Որպես դրա ապացույց նա մատնանշում է ռուսական մամուլի՝ վերջին օրերի հրապարակումները։ Քաղաքահետի համոզմամբ, եթե Սիրիա գնալը իրավիճակը չկարգավորեց, ուրեմն մի այլ տեղում ենք սխալվել։
«Ռուսական մամուլի վերջին հրապարակումներին պատշաճ ուշադրություն չդարձրեցինք, չվերլուծեցինք, չարձագանքեցինք։
Ուշադրություն դարձրեք, որ սա այն բացառիկ դեպքերից էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ռուսական առաջատար ԶԼՄ-ները, այդ թվում պետական, փորձեցին ուղղակիորեն պիտակավորել՝ որպես սորոսական, հակառուսական, ՆԱՏՕ-ական, ամերիկյան, կամ այլ օտարածին իշխանափոխություն, որը նաև այլ պետություններ "արտահանելու" հեռանկար ունի։
Հակված էի կարծելու, որ Սիրիա գործուղված մեր մասնագետների մեկնումից անմիջապես հետո ռուսական լրատվավերլուծական դաշտում վերջապես կփարատվեր Հայաստանի երիտասարդ իշխանությունների մի որոշ հատվածի վերաբերյալ ռուսական վերապահ մոտեցումն ու վերաբերմունքը։ Այնինչ, փաստերն եկան ապացուցելու, որ ռուսական իշխանության, հետևապես նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների վերաբերմունքում ոչինչ չի փոխվել և վստահության մթնոլորտը, եթե չասենք բացակա է, ապա՝ աղտոտված է։
Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց հրապարակումներին։ Կարծես պետք էլ չէր, արդարանալու բան չկար։ Բայց սա այդ դեպքը չէ։ Իշխանափոխության առաջին իսկ օրերից ռուսական կողմը իր վերապահ ու ակնհայտ բացասական վերաբերումնքն էր դրսևորում որոշ նորանշանակ երիտասարդ պաշտոնյաների նկատմամբ, հաճախ՝ արդարացի։ Մենք, հավանաբար կարծեցինք, որ դա ժամանակավոր և նման իրադարձություններին բնորոշ գործընթաց է։ Պարզվեց՝ ոչ։ Մեր ռազմավարական դաշնակցի մոտ վերապահումներն ու անվստահությունը, գոնե իշխանության երկրորդ և երրորդ էշելոնի որոշ ներկայացուցիչների վերաբերյալ դեռևս կանխակալ է։ Մի բան է պետք հասկանալ։
Ռուսաստանը գերտերություն է՝ բնորոշ բոլոր հատկանիշներով և, եթե պետությունների առաջնորդների հարաբերությունները բարիդրացիական շղարշ ունեն, դա չի նշանակում, որ ամբողջ համակարգը կիսում է այդ գործելաոճը։ Եվ եթե Սիրիա գնալը իրավիճակը չկարգավորեց, ուրեմն մի այլ տեղում ենք սխալվել»,-գրել է Սուրեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Իրատես». Երբևէ «բացվելու» են Սիրիա զորք ուղարկելու որոշման էջերը
- Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության իրականացման մեկնարկը
- Հումանիտար ակազերծման կենտրոնի տնօրենը կմեկնի Սիրիա
- Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները
- Շոյգուն շնորհակալություն է հայտնել Տոնոյանին առաջինն արձագանքելու համար