Այսօր մեծ լոռեցու ծննդյան 150-ամյակն է
«Հովհաննես Թումանյանը ամենահայկական, ամենազգային գրողն է, խտացումը հայ ժողովրդի աշխարհայացքի, աշխարհզգացման. նրան կարդում են Հայաստանում ծերերն ու մանուկները, մեծերն ու դպրոցականները։ Օտար երկրներում հայ մարդը երկյուղածությամբ կարդում է նրան՝ հաղորդվելու համար հեռավոր, քաղցր հայրենիքի հետ, ...հայրենիքի կարոտն առնելու»,- Ամենայն Հայոց բանաստեղծին այսպես է բնութագրել գրող Ավետիք Իսահակյանը։
Այսօր մեծ լոռեցու ծննդյան օրն է՝ 150-ամյակը։ Նշենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Այսօր միանգամից երեք վայրում՝ Երևան, Դսեղ, Թբիլիսի, մեկնարկելու են հոբելյանական միջոցառումները։
«Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՝ դրանում է գրողի գլխավոր արժեքը»,- համոզված էր մեծն Թումանյանը, ու ողջ ստեղծագործական գործության ընթացքում հետևել է այդ սկզբունքին։
1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղում ծնվել է հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:
Հ. Թումանյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։
Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում 19-րդ դարի վերջին տասնամյակը – 20-րդ դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
«Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը», իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետների կարգը չդասել»,- ասել է ռուս խորհրդային արձակագիր, բանաստեղծ, գրականագետ Կոռնեյ Չուկովսկին։
Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։
«Ընթերցելով Թումանյանի երկերը՝ մեր ժողովուրդը նրանց մեջ գտավ իր սեփական հույզերի և մտքերի ամենահարազատ վերարտադրումը։ Նրա ստեղծագործության միջոցով ժողովուրդը ինքը ճանաչեց իրեն և սիրեց Թումանյանին անմահական սիրով»,- ասել է Վիկտոր Համբարձումյանը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում:
1914թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: Այդ կոմիտեն իր հերթին ենթարկվում էր Հայոց ազգային բյուրոյին, որին Թումանյանն անդամակցում էր նրա գոյության առաջին օրից` 1912թ. հոկտեմբերի 30-ի հիմնադիր ժողովից: Այդ օրերին Թումանյանի յուրաքանչյուր հոդված հայ զինվորին և ամբողջ ժողովրդին մղում էր ազատագրական պայքարի, ոգևորում նրանց հաղթանակի հավատով:
1915 թվական: Երբ Թիֆլիս հասավ կոտորածի լուրը, Թումանյանը հիվանդ, հոգեպես և ֆիզիկապես քայքայված, դստեր` Նվարդի հետ մեկնում է Էջմիածին` սեփական ձեռքերով հոգալու գաղթականության խնամքի խնդիրները: Թումանյանից ավելի լավ ոչ ոք չի կարող ներկայացնել այդ օրերի մղձավանջը. «Դա մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլած երեխաներ… Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը…, որ ամեն կողմից առաջ էին հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, որ դեռ շնչում էին…»:
Թումանյանը ժամանակ չկորցնելով, առանց քուն ու դադարի ձեռնամուխ է լինում գաղթականների և որբերի ապաստարանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ բացվում է հինգ հիվանդանոց` հինգ հարյուր մահճակալով, որբանոց` մոտ երեք հազար երեխայի համար:
1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվում է «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ է ընտրվում Թումանյանը:
1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ:
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
«Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան»,- ասել է Հովհաննես Թումանյանը։
«Կա Մեծարենց, կա Տերյան, - և բազում ուրիշ պոետներ կան, Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության» (Եղիշե Չարենց)։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը գրքեր նվիրեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ
- Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային
- Շեփորի հնչյունները կազդարարեն մուտք Թումանյան 150-ամյակ
- «Նոր Թումանյանի բացահայտման փուլ պետք է սկսվի»
- Թումանյանի հեքիաթները լատիշերեն և Նաիրա Մուրադյանի նկարազարդումներով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան