Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը պետական պատվեր է եղել. փաստաբան
15 տարի առաջ այս օրը դաժանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանը։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Նազելի Վարդանյանը հիշեցրեց, որ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կատարված դաժան սպանության դատավարությունը տեղի ունեցավ Հունգարիայի մայրաքաղաքային դատարանում. «Երկու տարի առաջին ատյանի դատարանում դատավարությունից հետո մենք ունեցանք բավականին խիստ, ամենախիստ պատիժը, որնը նախատեսված էր հունգարական օրենսդրությամբ՝ ցմահ բանտարկություն, առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում։ Ամբողջ այդ դատարավարության ընթացքում տարբեր մանիպուլյացիաներ եղան։ Սկզբից Սաֆարովը հերոսաբար ասում էր, որ ես սպա եմ դառել նրա համար, որ բոլոր հայերին ոչնչացնեմ։ Այն ժամանակ երևի նրան խոսք էին տվել, որ դատավարությունը կլինի Բաքվում և ամեն ինչ արել էին արդեն, գլխավոր դատախազի որոշումը կար, որ գործը պետք է տեղափոխվեր Բաքու, սակայն ինձ հաձողվեց այնպես անել, որ դատավարությունը լիներ Բուդապեշտում, և այդ պահից պաշտպանության իրենց մեխանիզմը լրիվ փոխվեց»։
Փաստաբանն անդրադարձավ կատարված փորձաքննություններին և ադրբեջանական կողմի միջամտություններին։
«Առաջին փորձաքննությունը, որին մասնակցում էին երեք մասնագետ՝ հոգեբան, հոգեբույժ և սթրեսոլոգ, պատասխանը տվել էր, որ նա հոգեպես լրիվ առողջ է և գիտակցել է, թե ինչ է արել։ Սակայն հետո պահանջեցին երկրորդ փորձաքննությունը և պարզվեց, որ լրիվ մեղսունակ չէ, այլ սահմանափակ, իբր տեսել է ղարաբաղյան կոնֆլիկտը և դրանից ազդված, հայերին տեսնելուց հետո ինչ-որ սթրեսների մեջ է ընկնում։ Պահանջեցի երրորդ փորձաքննությունը, պարզ է առանց ադրբեջանական կողմի միջամտության չեղավ, նրանք ստացան մի պատկեր, որ նա լրիվ անմեղսունակ է»,- ասաց Վարդանյանը՝ հիշեցնելով, որ հենց այն ժամանակ էլ Մարինա Գրիգորյանը գրեց «Հիվանդների բանակը» հոդվածը։
Ինչ վերաբերում է չորրորդ փորձաքննությանը՝ փաստաբանն ասաց, որ ըստ դրա արդյունքների Սաֆարովը լրիվ մեղսունակ էր ճանաչվել, գիտակցել է ինչ է արել. «Արդյունքը եղավ այն, որ ցմահ բանտարկություն ստացավ, ութ տարի Հունգարիայի բանտում անցկացնելուց հետո, այնտեղի իշխանությունը փոխվեց և Ադրբեջանին, ոչ օրինական ճանապարհներով, հաջողվեց Սաֆարովին տեղափոխել Բաքու։ Հենց տեղափոխման օրն էլ նրան արդարացրեցին, չնայած ասում էին դա ներում էր»։
Պաշտպանի խոսքով, այդպիսով, խախտվեցին ոչ միայն միջազգային իրավունքի նորմերը, այլ նաև Ադրբեջանի օրենսդրությունը։
Նազելի Վարդանյանը վստահ է, որ Մարգարյանի դաժան սպանությունը պետական պատվեր է եղել։
«Ես միշտ ասում էի, որ Սաֆարովն ինքն իրեն այդ հանցագործությունը չէր անի, այստեղ պետական պատվեր կա, որովհետև, երբ ուսումնասիրում ես Սաֆարովի կենսագրությունը, ինքը բավականին հեռանկարային սպա է եղել։ Եթե Սաֆարովը համոզված չլիներ, որ Ադրբեջանն իր մեջքին կանգնած է, նա նման քայլի չէր գնա։ Մենք պետք է միշտ բարձրաձայնեք այս հարցը, որպեսզի ադրբեջանական կողմը զգա իր մեղավորությունն այս գործում», - հավելեց փաստաբանը։
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն էլ ասաց. «Ադրբեջանում հայերին սպանողների հերոսացման քաղաքական ավանդույթը դրվել է դեռևս Սումգայիթի ջարդերից հետո։ Մենք այսօր վկա ենք, թե ինչպես է Իլհամ Ալիևը փորձում ամեն կերպ ազատել այն երկու տեռորիստներին, որոնք դատապարտված են ու Արցախում են, որովհետև նրանք նույնպես մարդասպաններ են, սպանել են երկու հոգի, այդ թվում՝ 17-ամյա երեխայի»։
Ինչ վերաբերում է խաղաղության մասին թեզերին՝ Գրիգորյանն ասաց, որ անհնար է այսօր խոսել Ադրբեջանի հետ խաղաղության մասին. «Քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել, չի ճանաչել ու չի զղջացել կատարած հանցագործությունների համար, կարծում եմ, խաղաղության մասին խոսելը բարձրագույն քաղաքական ցինիզմի արտահայտություն է»։
Խոսելով ՄԻԵԴ ներկայացրած բողոքից Նազելի Վարդանյանն ասաց, որ կարծում է՝ այս տարի պետք է վճիռ ունենան. «Բողոքը ներկայացվել է 2016 թվականի հունվարին՝ մեր պահանջն է, որ Սաֆարովին վերադարձնեն Հունգարիա կամ երրորդ այլ երկիր, որտեղ նա պատիժը կկրի ըստ դատավճռի։ Եթե այդպես չլինի, այլ դատարաններ դիմելու ճանապարհներ կան, դրա մասին պետք է մտածել»։
Հարակից հրապարակումներ`
- Սաֆարովին էլ դնեն Ղարաբաղի նահանգապե՞տ, այդ ե՞ն ուզում. սա անհնար բան է. Դավիթ Բաբայան
- Հիմա մենք համաձա՞յն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին. Փաշինյան
- Իլհամ Ալիևը հանցակից է Գուրգեն Մարգարյանի սպանությանը. Նազելի Վարդանյան
- Հունգարիան Սաֆարովին 7մլն դոլարով վաճառել է Ադրբեջանին. Նոր բացահայտումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան