ԵԱՀԿ գործող նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու
«Մարտի առաջին կեսին ես պատրաստվում եմ այց կատարել Երևան և Բաքու»,-այսօր Մոսկվայում հայտարարեց ԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։
Հիշեցնենք, որ ասուլիսին նախորդել էր նրանց հանդիպումը։
Լայչակի խոսքով, ինքը հրավեր ունի և Հայաստանից, և Ադրբեջանից։ Այցի ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող հարցեր։
«Սլովակիան ամբողջովին սատարում է խնդիրը բանակցությունների միջոցով լուծելուն, ԵԱՀԿ Միսնկի խմբի գործունեությանը։ Ես համանախագահների հետ պարբերաբար հանդիպում եմ»,-ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում նշեց ԵԱՀԿ գործող նախագահը։
Նա ընդգծեց է, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել. «Այժմ կա կառավարություն, որը շատ ուժեղ մանդատ է ստացել»։
Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա Լայչակն ասաց՝ ուզում է, որ իր այցն օգնի հասկանալու թե ինչ սպասելիքներ կան, ի՞նչ արդյունքների կարելի է հասնել։
«Մեր նպատակն է օգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհաներին՝ հասնել այն բանին, որպեսզի օգտագործվի այս նոր իրավիճակը»,-ասաց նա։
Իր հերթին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը նոր է ձևավորվել, ինչի հետևանքով լրացուցիչ ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե ինչքան ակտիվությամբ ու խորությամբ կարող է իրականացվել կարգավորման գործընթացն այս փուլում։
Նա նշեց, որ միջնորդներն էլ կարող են աջակցել միայն երկխխոսության համար պայմաններ ստեղծելու գործում։ Որոշումը պետք է ընդունեն հակամարտող կողմերը։ Լավրովի խոսքով, համանախագահողները, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչը սերտորեն աշխատում են միմյանց հետ։
«Նախատեսվում են նոր շփումներ։ Կրկնում եմ՝ համանախագահներն ու ԵԱՀԿ-ն կարող են միայն օգնել, որպեսզի երկխոսության համար պայմաններ ստեղծվեն։ Որոշումը պետք է ընդունվի կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,-հայտարարեց Լավրովը։