Ռեժիսոր. Ես դեռ լուրջ բացատրություն չեմ լսել
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը համաձայն չէ, որ մշակույթի նախարարությունը միացնեն կրթության և գիտության նախարարությանը։
«Իսկապես մշակույթի նախարարությունը պետք է փոխել. հենց նախարարության մեջ անցնել օպտիմալացման, փոխել ողջ քաղաքականությունը, ստեղծել մշակութային լուրջ քաղաքականություն, զբաղվել մշակութային ժառանգությունը պահպանելով, չզբաղվել ֆինանսավորմամբ և կոնտրոլ անելով, որը սովետական մտածություն է ու ծիծաղելի է։ Բայց անպայման պետք է առանձին լիներ մշակույթի նախարարությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հ. Խաչատրյանը։
Նրա խոսքով, շատ հարցեր կան, որոնք կկորեն կրթության նախարարության խորխորատներում։
«Ես չէի ցանկանա։ Բայց երևի մի բան մտածել են, տեսնենք մինչև վերջ՝ ինչ են ասում։ Ես դեռ լուրջ բացատրություն չեմ լսել, թե ինչու համար է արվում»,- ասաց ռեժիսորը։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը, մասնավորապես՝ նախատեսվում է մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով կրթության, գիտության և մշակույթի նախարարություն։
Հարակից հրապարակումներ`
- E-draft-ում Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը համարում են անհեռանկար և կործանարար
- Նախարարությունների միավորման հետևանքով հնարավոր է 150-200 մարդ կրճատվի
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյան. Կտրականապես դեմ եմ
- Հրապարակվել են 12 նախարարությունների անվանումները
- Մշակույթի ու ԿԳ նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի դերակատարության թերագնահատման մասին. ՀՅԴ