ԵՊՀ. Տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում
Երևանի պետական հաալսարանը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով ոստիկանության հրապարակած հաղորդագրության։
«Երևանի պետական համալսարանում ենթադրյալ չարաշահումների բացահայտման վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից այսօր տարածված հաղոդագրությամբ և տեսանյութով տրամադրված տեղեկատվության կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
Երևանի պետական համալսարանի թվով 18 աշխատողների կողմից աշխատանքի
չներկայանալու, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում գրառում կատարելու և
մոտ 18 միլիոն ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու հայտարարության
վերաբերյալ հայտնում ենք, որ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողի
վարձատրության չափը որոշվում է նրա տարեկան ուսումնական
ծանրաբեռնվածությամբ, ինչը հիմք է հանդիսանում կատարված աշխատանքի դիմաց
վարձատրության համար:
Ուսումնական ծանրաբեռնվածության մեջ ներառված որոշ
աշխատանքներ (կուրսային, դիպլոմային աշխատանքների ղեկավարում,
մագիստրոսական, գիտական թեզի ղեկավարում և այլն) ժամանակակից տեղեկատվական
տեխնոլոգիաների առկայության պայմաններում հնարավոր է կատարել նաև առանց
համալսարանում ֆիզիկապես գտնվելու (հեռավար մեթոդով): Պաշտոնապես
հայտարարում ենք, որ համալսարանի որևէ աշխատողի աշխատավարձ չի վճարվել
առանց հաստատված ուսումնական ծանրաբեռնվածության լիարժեք կատարման, ինչը
թույլ է տալիս միարժեքորեն պնդել, որ առաջ քաշված կանխավարկածը հիմնազուրկ
է և մանիպուլյատիվ:
Երևանի պետական համալսարանի վարձակալների կողմից վարձավճարների վճարման և
դրանք սահմանված կարգով չմուտքագրման վերաբերյալ հայտարարության
կապակցությամբ հայտնում ենք, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում
իրականությանը: ԵՊՀ վարձակալների կողմից վարձավճարները սահմանված կարգով
վճարվել են համալսարանին և դրանց տրվել է օրենքով սահմանված ձևակերպումներ:
Այդ կապակցությամբ մանրամասն պարզաբանումները և ապացույցները ներկայացվել
են ոստիկանությանը:
Ինչ վերաբերում է տեսանյութում ԵՊՀ պաշտոնատար անձին վերագրվող ենթադրյալ
հանցագործության հատկանիշներին, այդ կապակցությամբ հայտնում ենք, որ
ակնարկվող պաշտոնատար անձի կողմից կտրականապես մերժվում է նշված
տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը, և գտնում ենք, որ ՀՀ
ոստիկանության հայտարարության այդ հատվածում տեղի է ունեցել անմեղության
կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում:
Նման պայմաններում կոչ ենք անում ոստիկանությանը, զանգվածային
լրատվամիջոցներին և հանրությանը ձեռնպահ մնալ հարուցված քրեական գործի
վերաբերյալ չհիմնավորված հայտարարություններ կամ մեկնաբանություններ
կատարելուց, հարգել մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը և
սպասել քրեական գործով վերջնական որոշման կայացմանը:
Միաժամանակ հուսով ենք, որ այս գործով կիրականացվի բազմակողմանի, լրիվ ու
օբյեկտիվ քննություն և կփարատվեն հասարակության չհիմնավորված կասկածները»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ռեկտոր. Շինծու մեղադրանք է
- Ոստիկանությունը՝ ԵՊՀ-ում կատարված ապօրինությունների մասին
- ԵՊՀ ռեկտորը գիտխորհրդին պատմել է իր հանդեպ ճնշումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին