Ուզում եմ ինձ ուշադիր նայեն,ես ձերբակալվողի նմա՞ն եմ. Սանասարյան
«Մեղմ ժպտում եմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում իր հասեցին հնչող մեղադրանքներին այսպես արձագանքեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, թե ՊՎԾ-ն փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը:
Դավիթ Սանասարյանի խոսքով՝ իրենց ուսումնասիրությունից հետո հանրությունը կտեղեկանա, թե ինչի մասին է խոսքը: «Մենք օրենքով մեզ վերապահված լիազորություններն ենք իրականացնում, որևէ մասնավորի հետ հանդիպելու կարիք չունեմ, մենք նայում ենք օրենքի տառը պահպանելուն»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ մամուլում կանխատեսում էր արվել, որ Դավիթ Սանասարյանը հնարավոր է կալանավորվի, ՊՎԾ պետը նշեց. «Ես ոչ լրատվամիջոց եմ համարում, ոչ էլ մամուլ տվյալ քարոզչամիջոցը: Ուզում եմ ինձ ուշադիր նայեն, ես ձերբակալվողի նմա՞ն եմ։ Իրենց երազներն են։ Ամեն պատի տակի հնչած բամբասանքներն, առհասարակ, չեմ մեկնաբանում։ Շատերը պատվեր են կատարում, շատերը երազ են տեսնում, փորձում են իրենց երազը գրեն իրենց «Ֆեյսբուքում» կամ իրենց քարոզչամիջոցում։ Ես ամեն երազ չեմ մեկնաբանելու։ Ես ուժեղանում եմ այդ ալիքից, որովհետև նշանակում է, որ մենք նոր փուլ ենք մտնում՝ ավելի նպատակասլաց փուլ։ Մեզ համար համար կապ չունի՝ ով ով է, ինչի համար է արել, ոնց է արել։ Մենք օրենքի տառն ենք պահպանում»,- ընդգծեց Սանասարյանը։
Դավիթ Սանասարյանն անդրադառնալով ԵՊՀ-ում կատարվող ուսումնասիրություններին՝ ասաց, որ դրանք ընթացքի մեջ են, իսկ չարաշահումներն, ըստ նրա, ավելին են, քան 800 մլն դրամը:
«Քննչական կոմիտեն այս պահին զբաղվում է դրանով, ոստիկանությունը գործն ուղարկել է քննության, մենք պատրաստ ենք մեր ցանկացած գրածի համար մանրամասներ ներկայացնել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի երեկվա հայտարարությանը, թե իր վրա ճնշումներ են գործադրվում, այդ թվում՝ ՊՎԾ-ի կողմից, քանի որ ՀՀԿ անդամ է, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Պարոն Սիմոնյանին մի քանի անգամ կոչ եմ արել, հիմա էլ խրախուսում եմ, որ դիմի իրավապահ մարմիններին: Ես ինքս տարիներ շարունակ, իմ պայքարի ընթացքում դեմ եմ եղել քաղաքական ճնշումներին, դրա դեմ կռիվ եմ տվել, ու հիմա ես ինքս չեմ կարող դա անել: Դա իմ սկզբունքներին դեմ է: Որ պահին կզգամ, որ ես անցնում եմ այդ գիծը, այդ պահին հրաժեշտ կտամ քաղաքականությանը»:
Նա նաև ասաց, որ այլ բուհերում ևս ուսումնասիություններ են ընթանում: Նրա խոսքով՝ խնդիրը նրանում է, թե ինչպես անեն, որ այլևս չկրկնվեն նախկինում արված չարաշահումները, յուրացումները:
Պետական վերահսկողական ծառայության պետն անդրադարձավ նաև իր ավելի վաղ արած հայտարարությանը, թե Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում ուսումնասիրություններ կիրականացնեն: Նա նախ շնորհավորեց Ուրցաձորում ընտրությունների արդյունքում ընտրված Ռաֆիկ Անդրեասյանին, այնուհետև նշեց, որ այդ համայնք այցելել էր՝ հաշվի առնելով Անդրեասյանի դեմ համայնքի բնակիչների դժգոհություններին։
Նրա խոսքով՝ իրենք այդպես էլ համայնքում ուսումնասիրություն չեն սկսել. ««Ուսումնասիրություն ուղղակի չսկսեցինք, գնահատեցինք, որ այս փուլում ռեսուրսն ավելի լուրջ գործերի վրա կարելի է ծախսել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան