Ժողովրդից գողացողը պետք է բռնվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Համաձայնագրի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ ՀՀ կառավարության կողմից որպես փորձնական շրջաններ ընտրված Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում, ընդհանուր և բալանսավորված ներառական աճի իրականացումը` խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով:
Նախատեսված աջակցության որոշ բաղադրիչների իրականացումը կապահովվի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի միջոցով: Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31,250 մլն եվրո: Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 72 ամիս:
Անդրադառնալով համաձայնագրին վարչապետ Փաշինյանը նշել է. «Հերթական անգամ քննարկում ենք խոշոր դրամաշնորհ ստանալու վերաբերյալ նախագիծը: Մենք այսպիսի դրամաշնորհներ այս ընթացքում կրկին ստացել ենք և առաջիկայում կրկին կստանանք: Երբ գումարում ենք այս դրամաշնորհների գումարները՝ աստղաբաշխական թվեր ենք ստանում: Եթե մենք ապահովենք այս գումարների արդյունավետ ծախսումը՝ չի կարող դա արդյունք ուղղակի չունենալ, չի կարող Հայաստանի քաղաքացին այս գումարների ծախսման արդյունքում իր վրա կոնկրետ փոփոխություն չզգալ: Հետևաբար, խնդիրը շատ պարզ է՝ մենք պետք է 100 տոկոսանոց երաշխիքներ ստեղծենք, որ ընդհանրապես պետական, վարկային, դրամաշնորհային միջոցները ծախսվեն նպատակային»:
Վարչապետը կառավարության անդամներին հորդորել է չթուլացնել զգոնությունը կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի հարցում: «Եթե մարդու կյանքում բան չի փոխվում՝ դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկը ինչ-որ մի բան գողանում է: Ուրիշ տարբերակ պարզապես չկա: Չեն կարող ամբողջական ոլորտներ տասնյակ միլիոնավոր դոլարներ մտնել, և ուղղակի ոչինչ չփոխվի, ամեն ինչ մնա նույնը և նույնիսկ վատանա: Կառավարության ներկայացուցիչներին ուզում եմ ասել հետևյալը՝ ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի վերաբերյալ, ոչ մի վայրկյան: Այսօր էլ Հայաստանում կաշառք վերցնում են, և այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ՝ դրա ամենաուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երևույթը՝ նշանակում է, որ մենք ոչ թե պետք է ամիսը 1-2 այդպիսի հարցով ձերբակալություն ունենանք, այլ 10, 20 և ավելի: Ինձ չի հետաքրքրում ընդհանրապես՝ այդ մարդը գործող պաշտոնյա է, նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչն է, իմ ընտանիքի անդամ է, հարևանի ընտանիքի անդամ է: Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը: Հակառակ դեպքում մենք այս գումարները վերցնում ի՞նչ ենք անում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է այս հարցի վրա բոլորն առանձնահատուկ ուշադրություն դարձնեն և այդ ուղերձը հստակ գիտակցեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում