Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ցեմենտ) ներքին արտադրությունը խթանելու և ներմուծման փոխարինման միջոցով ներքին շուկան տեղական արտադրանքով ապահովելու անհրաժեշտությամբ։
Ըստ այդմ՝ հնարավորություն կընռեվի շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները:
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում 2018 թ.-ին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմում են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են թե՛ արտադրության, թե՛ ներմուծման ծավալները` համապատասխանաբար 53.1 տոկոսով և 3.5 անգամ: Ներմուծման նման պայմաններում ցեմենտի տեղական արտադրող ընկերությունները կդադարեցնեն գործունեությունը և դրա արդյունքում ներմուծող ընկերությունները կարող են բարձրացնել ցեմենտի գները:
Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղական արտադրողներն էլ պետք է ներդրումներ իրականացնեն տեխնոլոգիապես վերազինվելու, իրենց արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու, մրցունակ դարձնելու ուղղությամբ: «Մեր կառավարության ծրագրում գրված է՝ տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված, հետևաբար մեր բոլոր արտադրողները պետք է այսպիսի ռազմավարական ընկալմամբ մոտենան իրենց գործունեությանը»,-ընդգծել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան