Նիկոլ Փաշինյան՝ «պայմանները ստեղծենք, որ մեր դատավորները սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան».
Գործադիրի այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ դատավորները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների ցանկում։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացնելով որոշման նախագիծը՝ նշեց, որ դատավորները կօգտվեն Հայաստանում և Արցախում հանգստի ապահովման ծառայություններից, հնարավորություն կունենան օգտվել հիպոթեկային վարկերի ամսական մարումից, ուսման վճարի փոխհատուցման ծառայությունից, ինչպես նաև կարող են դառնալ առողջապահական սոցիալական փաթեթի շահառու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդիրներից մեկն այն է, թե ինչ ճանապարհներով և ում համար պետք է սոցիալական երաշխիքներ ստեղծեն. «Այստեղ խնդիրը առնչվում է ոչ միայն դատավորներին ու դատարաններին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին: Մենք գիտենք, որ այսօր մեր դատական համակարգում կան խնդիրներ և գիտենք մեր կառավարության վերաբերմունքը դատական համակարգի անկախության նկատմամբ: Մենք համոզված ենք, որ պետության զարգացման համար դատական համակագի 100 տոկոսով անկախությունը կարևոր է»։
Նա կարծում է, որ չնայած վերապահումներին, այս ճանապարհով պետք է առաջ գնան, քանի որ սրանով քայլ են անում՝ լուծելու ոչ միայն դատավորների խնդիրները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների և երկրի համար ծագող խնդիրները:
«Մենք պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որ մեր դատավորներն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մի կողմից մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ, ապօրինի, կամայական որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է այդ ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս նեղացնենք: Իհարկե, այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը ընդլայնել են մոտ 250 հազարով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, թե հնարավոր է հարց առաջանա՝ այս երկրում քաղաքացիների հարցերը լուծված են, որ հիմա անցնում են դատավորներին. «Իհարկե ոչ, բայց կարծում եմ, որ եթե մենք քայլ ենք արել և 250 հազար քաղաքացիների ընդգրկել ենք այդ համակարգում, ապա բալանսավորված և խելամիտ է 230 դատավորների նույնպես ընդգրկել համակարգում»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից էր պետական բարձրաստիճան պաշտոնյանների ստացած պարգևավճարները, ուստի այս ողջ քննարկումը կարևոր է համարում: Նրա խոսքով՝ այսօր կարող են ասել, որ հասել են պետական կառավարման համակարգի թափանցիկության աննախադեպ մակարդակի, ինչը հնարավորություն է տալիս բաց, ուղիղ, ազնիվ, բայց ոչ «ափալ-թափալ» և էմոցիոնալ քննարկում ունենալ և հասնել բալանսավորված որոշումների:
Ըստ վարչապետի՝ պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքում փոփոխությունների որակը, արդյունավետությունը և արագությունը:
«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ հնձել, բայց դրա արդյունքում կառաջանան հետևանքներ, որոնք տասնյակ տարիներում հնարավոր չի լինի կարգավորել: Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք, որ պետական կառավարման համակարգը զգայուն է մարդու օրգանիզմի համար և ճիշտ չախտորոշված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա միաժամանակ նշեց, որ ներկայիս քաղաքական իրավիճակում յուրաքանչյուրի վրա դրված է առաձնահատուկ պատասխանատվություն, այսօր պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, օրենքների ու Սահմանադրության շրջանակում:
«Սա հոկտեմբերյան հեղափոխությունը չէ, որ հաղթողները պարտվողներին պատերի տակ գնդակահարում էին, կամ բաժանում են սևերի և կարմիրների, մեր դեպքում, սևերի և սպիտակների։ Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, և յուրաքանչյուրը փոխվելու շանս պետք է ունենա: Հակառակի շանսը գոյություն չպետք է ունենան, այսինքն՝ նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Ես, որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, թե լինի պատերին տալով, թե լինի դա որևէ կերպ, իհարկե, օրինական միջոցներով», - նշեց Նիկոլ Փաշինյանը: