Անձի պաշտամունքը արժե՞ք է
Փաշինյանը նմանվում է գուլագի եֆրեյտորի, որը պատահաբար դարձել է «ժողովրդի թշնամի» նշանակված մարշալի վերակացուն և ուզում է առավելագույնս օգտագործել պատեհությամբ ստացած «իրավունքը»։ Նույնիսկ շարքայինի կոչում չունեցողն և բանակի հետ առնչություն չունեցածը, որը հանձնարարված «քայլքի» շնորհիվ դարձավ վարչապետ, հնարել է իր «անցումային արդարադատությունը» և ստեղծած գրպանային դատական համակարգի միջոցով հաշվեհարդար է տեսնում ազատամարտում հաղթած Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ ու Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի, նրա անցյալի ու ներկայի, հիմա արդեն նաև` նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Սա պարզ սնապարծի վարք է և ապացուցում է ազնվությունը պատժող անձի բարոյական դատարկությունը։ Օրինաչափ է, որ արդեն տևական ժամանակ պատասխանատու լրատվամիջոցների էջերում ու անաչառ վերլուծաբանների խոսքում գերակայող է դարձել ժամանակի գլխավոր հարցը. կարելի՞ է արդյոք վստահել վարչապետ Փաշինյանին։ Բնականոն է, որ մամուլը միայն հպանցիկ ու քննադատորեն են անդրադառնում վարչապետի հրահանգով շրջանառության մեջ դրվող կեղծ թեմաներին` նոր սահմանադրություն, սուպերվարչապետությունից հրաժարում, տնտեսական հեղափոխություն, ընդդիմադիր դաշտի գոյություն, կոռուպցիայի դեմ պայքար, արդարադատություն և այլն։
Փաշինյանի ու նրա ամբողջատիրական վարչախմբի «ջանքերով» մեր երկրի քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական, մշակութային, հոգևոր կյանքում առաջացած քաոսն ու քայքայիչ զարգացումներն ինքնին ապացուցում են, որ Փաշինյանը պարզ դեմագոգ է։ Իսկ նրա պոպուլիստական խոստումների ու կեղծ օրակարգի միակ նպատակը` ժողովրդի ուշադրությունը իրականությունից շեղելն է, պետության կործանումն ու պարտվողական պայմանավորված պատերազմի վտանգը քողարկելը։ Ակներև է, որ լրատվամիջոցների գլխավոր թեման` Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված շինծու քրգործի անխուսափելի տապալումն է ու նրա քաղաքական խրոխտ վերադարձի հեռանկարը և Փաշինյանի տեսանելի ապագային առնչվող հոռետեսական կանխատեսումները։
Բանաձևելու դեպքում Փաշինյանի ներկայացրած բոլոր ծրագրերն ու անելիքները ստանում են 1+1=11 հավասարման տեսք, որը և՛ հեղափոխական տարրեր է պարունակում, և՛ էյֆորիա կարող է առաջացնել, և՛ սխալն է ակնահաճո ու առաջին հայացքից ո՛չ այնքան հասկանալի՝ թվաբանություն չիմացող և ամեն ինչ զգայորեն ընկալող միամիտի համար։ Մինչդեռ. սոցիալական կործանիչ անկումը, հեռանկարի բացակայությունը, հուսախաբությունն ու սուտը արդեն բոլորին են ստիպում մտածել։
Բոլորովին պատահական չէ, որ Փաշինյանին գովազդելու պատվեր ստացած ամերիկյան The Christian Science Monitor պարբերականի սյունակագիր Ֆելիքս Ֆրանցն անգամ չի կարողացել զերծ մնալ հոռետեսական գնահատականներից։ Իր «Բանտարկյալից վարչապետ դարձած Փաշինյանը կկարողանա՞ կառավարել» հոդվածում հեղինակը թեև մակդիրներ չի խնայել` Փաշինյանին կոչելով «պետության և ժողովրդի շահերը սեփականից վեր դասող հեքիաթային առաջնորդ», «համախմբելու բնազդային կարողություն ունեցող», «սկզբունքային և ժողովրդավար հեղափոխական», սակայն մի քանի տող հետո նկարագրվածի համատեքստում այս դիֆերամբները պարզ ծաղրի են վերածվում։
Եվ պարզ է դառնում, որ The Christian Science Monitor-ի սյունակագիրը Փաշինյանի մեջ նախևառաջ տեսել է կալանավորի հոգեբանությամբ և մտածողությամբ վարչապետի, որն իր անցյալում կուտակած բարդույթների գերին է ու իշխանությունը վերածել է վրեժի գործիքի։ Ֆելիքս Ֆրանցը ինքն իրեն, նաև սենսացիաներից խուսափող պարբերականի ընթերցողներին չխաբելու համար, Փաշինյանին անվանել է «էքսցենտրիկ, անպատասխանատու, անբարտավան», իսկ նրա առաջնորդած հեղաշրջումը` «հանկարծակի»։ Ըստ հոդվածագրի, «փողոցային հեղաշրջումից» հետո Փաշինյանը չի կարողացել կատարել իր խոստումները և արդարացնել նրան քվեներ վստահածների սպասումները, «համախմբել լարված տարածաշրջանում ապրող փխրուն ազգին»։
Սյունակագիրն ուղղակիորեն արձանագրել է. «Փաշինյանի հանդեպ տածած հիացմունքն անցել է քաղաքական աջակցության սահմանն ու վերածվել է անձի պաշտամունքի, ինչը, ոմանց կարծիքով, կարող է սպանել թավշյա հեղափոխության գաղափարները»։ Հոդվածի հեղինակը համարժեքորեն գնահատել է իր տեսած իրողությունը. «Թեև Փաշինյանը լավ մտադրություններ է հայտնել, սակայն դրանք իրագործելու, պետությունը կառավարելու համար անհրաժեշտ կրթության պակաս ունի և չի հասկանում, որ իր անձի պաշտամունքը վտանգավոր է»։
Նա շեշտել է նաև, որ ռազմական ու դիվանագիտական փորձի բացակայությունը Փաշինյանին թույլ չի տա` լուծել Արցախի հիմնախնդիրը։ Ապա և ընդգծել է. «Փաշինյանի կառավարությունը թույլ է։ Նա պրոֆեսիոնալներ չունի իր կողքին։ Մինչդեռ առջևում բազմաթիվ ներքին ու արտաքին քաղաքական մարտահրավերներ կան»։ Իսկ հանրագումարային գնահատականում Ֆրանցը զգուշորեն արտացոլել է իր թերահավատությունը. «Կարո՞ղ է նախկին լրագրող, բանտարկյալ, ընդդիմադիր առաջնորդ Փաշինյանը փոխել թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում առաջացած ներքին իրավիճակը»։
Ակներև է, որ անգամ կողմնակալ դիտորդը, որի նպատակը` Փաշինյանի թավշյա հեղաշրջումը գովաբանելն էր, չի կարողացել շրջանցել քաղաքական հաշվեհարդարի ու անձի պաշտամունքի անհերքելի ու բացահայտ դրսևորումները։ Մինչդեռ Հայաստանի համար աննախադեպ այս երևույթների հեղինակը օրերս, նույն 1+1=11 կեղծիքի բանաձևով հայտարարեց, թե «Հայաստանում հաստատված է կառավարություն, որը այն անձանց դաշնակիցն ու հովանավորն է, որոնք պայքարում են մարդու իրավունքների խախտման դեմ որևէ ոլորտում։ Իրավունքի պաշտպանության մեր բանաձևը` հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար։ Մարդն իսկապես բարձրագույն արժեք է ՀՀ-ում։ Սա մեր քաղաքական նոր իրողությունների կարևոր հենասյուներից մեկը պետք է դառնա»։
Որ այն հենասյուն չի դարձել` բացահայտ է։ Որ մարդը բարձրագույն արժեք է դարձել մեր երկրում ու հաստատված է այդ մեկ մարդու պաշտամունքը` նույնպես անհերքելի փաստ է։ Որ թավշյա կառավարությունը սորոսականների, ծայրահեղական ու փոքրամասնական ոլորտների դաշնակիցն ու հավանավորն է` դա էլ անվիճարկելի է։ Նույնքան հաստատ է, որ մեղավոր նշանակված ոչ մի քաղաքացու համար գրպանային ու հեռախոսազանգերով կառավարվող անցումային արդարադատությանը պատվիրված հաշվեհարդարից պաշտպանվելու բանաձև չի գործում։
Կեղծիքն ու սուտը անցել են բոլոր սահմանները։ Անկարելի է վստահել անձի պաշտամունք հաստատած վարչապետ Փաշինյանին։
Սիմոն Գյուրջյան. լրագրող
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին