Նախարարությունը տվյալներ չունի, համաներվածների կրկնակի հանցագործության մասին
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանեց համաներվածների կողմից կրկին կատարվող հանցագործության դեպքերին վերաբերող հարցերին։
«Երբ որ համաներման նախագիծը քննարկվում էր, մենք ենթարկվում էինք քննադատության, որ այն ծավալուն և ընդարձակ չէ։ Այն ժամանակ մենք ասում էինք, որ այո կարող է լինել հանցագործություների մակարդակի ավելացում, քանի որ յուրաքանչյուր համաներումից հետո դա տեղի ունենում է։ Համաներումով ազատ չեն արձակվել այն անձինք, ովքեր մեկ անգամ ներվել են կամ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել։ Եթե հանցագործություն կատարում են այն անձինք, ովքեր համաներումով ազատ են արձակվել, նրանք մեկ անգամ հանցագործություն կատարած անձինք են»,- ասաց Զեյնալյանը։
Նա նշեց, որ դեռևս չունեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որպեսզի կարողանան վերլուծություն կատարել՝ հասկանալու, թե համաներվածներից քանիսն են կատարել կրկնակի հանցագործություն։
Մինչդեռ հիշեցնենք, որ ոստիկանությունից Panorama.am-ին ասել է 2018թ. նոյեմբերի 6-ից մինչև 2019թ. փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում համաներմամբ ազատ արձակված անձանցից 30-ը կրկին կատարել են 53 հանցագործություն։ Իսկ համաներմամբ ազատ արձակվածներից 6-ը կալանավորվել է, 7-ը հետախուզվում է։