Շարմ-Էլ-Շեյխը կպարսպապատվի
Եգիպտոսի իշխանությունները սկսել են Շարմ Էլ Շեյխ առողջարանային քաղաքի շուրջ պարիսպ կառուցելու աշխատանքները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է The Guardian-ը։
Լուսանկարներն ու վիդեոկադրերը ապացուցում են բետոնե պարսպի կառուցումը։ Դրա բարձրությունը հասել է 6 մետրի։ Չնայած լուսանկարները փաստում են, որ պատը կառուցվում է, Հարավային Սինայի նահանգապետը դա հերքել է։
«Դա պատ չէ։ Մենք պատեր չունենք»,- ասել է նա։
Նախագիծը, նրա խոսքով, բաղկացած է բարձր բետոնե արգելապատնեշներից և առնվազն 37 կիլոմետր երկարությամբ փշալարե ցանկապատից քաղաք մտնելու համար նախատեսված չորս գեղեցիկ դռներով։
«Մենք անում ենք դա ապագայի համար։ Ծրագիրը կարող է Շարմ-Էլ-Շեյխին վերադարձնել զբոսաշրջիկներից կորցրած գումարները»,- ասել է նա։
Շարմ- Էլ- Շեյխի հյուրանոցների ներկայացուցիչներն ասում են, որ «որևէ մեկը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում»։ Տեղի բնակիչները վստահ են, որ պատն առողջարանային քաղաքն անվտանգ չի դարձնի, չի կանգնեցնի ահաբեկիչներին, բայց կձանձրացնի մարդկանց։
«Ցանկացած զբոսաշրջիկ, ով կգա քաղաք, կմտածի, որ վտանգի մեջ է, և դա կազդի հանգստացնողների թվի վրա»,- ասել է Շարմ-Էլ-Շեյխի մի բնակիչ։