Հայկական ինքնատիպ «Օտրի» տրիոն՝ երաժշտական հանրության ուշադրության կենտրոնում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի» տրիո անսամբլը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը՝ «Երևակայության թռիչք» խորագրով։ Այն թողարկվել է իտալական հայտնի «Halidon music» պիտակի ներքո։ «Halidon music»-ն Իտալիայում ամենամեծ երաժշտական դիստրիբյուտորներից մեկն է, որը համագործակցում է երաժշտական հրատարակիչների և մենեջերների հետ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Halidon music»-ը նաև 5 տարով պայմանագիր է կնքել «Օտրի» տրիոյի հետ. այսուհետև տրիոյի ձայնագրությունները հասանելի են Ամազոնում, iTunes-ում, Spotify-ում և երաժշտական այլ հարթակներում։ Համաշխարհային այս լեյբլն առաջիկա տարիներին զբաղվելու է նաև տրիոյի առաջմղմամբ, կատարումների տարածմամբ։ Ձայնասկավառակի վաճառքն իրականացվելու է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, ինչպես նաև՝ իտալական «La Feltrinelli» գրախանութում, որը նույնպես զբաղվում է հայտնի երաժիշտների ձայնասկավառակների վաճառքով: Ձայնասկավառակի ձայնագրությունները կատարվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ՝ ի դեմս դիրիժոր Սերգեյ Սմբատյանի։
«Օտրի» տրիոն իր կազմով բացառիկ է աշխարհում։ Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ այս կազմը ներկայացնում է դասական տրիոյի այլընտրանքային տարբերակ՝ ֆլեյտա, ջութակ և ալտ։ Անսամբլի կազմում հանդես են գալիս միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ): Յուրահատուկ հնչողություն ունեցող այս խումբը երաժշտական մենեջերներին գրավել է իր ինքնատիպությամբ։ Աշխարհն այսօր նոր ձայներ ու նոր հնչողություն է ցանկանում լսել։ Եվ «Halidon music»-ը երաժշտական աշխարհում նորի փնտրտուքներում բացահայտել է «Օտրի» տրիոյին. համացանցում գտել է հայկական խմբի կատարումները, զարմացել ու հավատացել, որ հայ արտիստների երաժշտական նորարարությունը կարող է զարմացնել աշխարհը։
«Երևակայության թռիչք» վերնագրված ձայնասկավառակում ընդգրկված են գերմանացի, ավստրիացի, ֆրանսիացի, ռուս և իհարկե հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Շոստակովիչի Վալսն ու Պոլկան, Բախի Արիան և Ալլեգրոն, Հայդնի Լոնդոնյան տրիոն, Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը»)։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից են Արամ Խաչատրյանի Այշեի պարը «Գայանե» բալետից, Խաչատրյանի «Ժողովրդականի նմանակում» պիեսը Մանկական ալբոմից (փոխադրումը՝ Անժելա Հովհաննիսյանի):
Սա վերջին ամիսներին «Օտրի» տրիոյի միակ ձեռքբերումը չէ։ Անսամբլի կատարմամբ Հայդնի «Լոնդոնյան տրիոն» ընգրկվել է դասական երաժշտության լավագույն կատարումներն ամփոփող «100 դասական ստեղծագործություններ» ալբոմում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան