Քաղաքագետը՝ մարտի 1-ի երթի մասին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է մարտի 1-ին երթ անցկացնելուն, կարծիք հայտնել, որ այն պետք է դիտարկել քաղաքական ասպեկտում և այն ունի ինչպես քարոզչական, այնպես էլ տեխնոլոգիական նպատակներ։
Ֆեյսբուքյան էջում նա մանրամասնել է.
«Քարոզչական ասպեկտ
1․ Ցանկացած իշխանություն պետք է ունենա հանրային լեգիտիմության հիմք։ Հանրային լեգիտիմության հիմքը լինում է երկու տեսակ՝ հանրության համախմբումը պոզիտիվ նպատակների շուրջը, կամ հանրության մի հատվածի համախմբումը թշնամու հանդեպ՝ նեգատիվ համախմբում։ Ապրիլյան իշխանափոխությունից հետո Փաշինյանը ուներ մեծ հանրային ռեսուրս պոզիտիվ նպատակի շուրջը համախմբել համար, սակայն նա ընտրեց երկրորդ տարբերակը՝ նեգատիվ համախմբում ընդդեմ թշնամու։ Նման դեպքերում թշնամին չի կարող լինել որևէ անձ։ Թշնամին կարող է լինել որևէ խումբ, կամ սոցիալական շերը, կամ էլ ծագումնաբանական ենթահանրույթ։ Ինչու նա ընտրեց երկրորդ տարբերակը, պարզ չէ, գուցե առաջին տարբերակը ձևակերպել չկարողանալու պատճառով։
Բնականաբար, այդ դեպքում կարևորը ոչ թե այդ խմբի չեզոքացումն է, այլ վտանգի զգացման ներարկելը՝ վտանգը պետք է երկարատև լինի։
2․ Կարևոր է ինֆորմացիոն դաշտի համար իրադարձությունների ապահովումը։ Հանրային դիսկուրսի և «նորությունների» թելադրումը ցանկացած իշխանության համար կենսական է՝ եթե դու չես թելադրում ինֆորմացիայի հոսքը և ուղղորդում իրադարձությունների հաջորդականությունը, ապա դա կանեն քաղաքական հակառակորդները։ Տվյալ պարագայում ընտրված են նեգատիվ իրադարձությունների, հատկապես, երբ չկան տնտեսական կամ քաղաքական նվաճումներ։
Տեխնոլոգիական ասպեկտ
1․ Ցանկացած իշխանության համար կարևորագույն և ամենակենսական խնդիրը թիմի միասնությունը ապահովելը, հատկապես խորհրդարանական կառավարման համակարգերում։ Սերժ Սարգսյանի անկման հիմնական պատճառներից մեկը 2017-ի պառլամենտական թավշյա ընտրություններն էին՝ չկար արտաքին թշնամի, չապահովվեց նաև թիմի ներքին միասնությունը։ Փաշինյանի համար մեկ խնդիրը լուրջ թշնամու կերպար ձևավորելն է և գծել մի ռուբիկոն, որով անցնի թիմը, որպեսզի հետդարձի ճանապարհ թիմի անդամները չունենան։ Քաղաքական պայքարը պետք է վերածվի «կենդանի մնալու» պայքարի։
2․ Ցանկացած իշխանության համար թշնամու կերպարը կարևոր է իր անհաջողությունների պատասխանատվությունը դավադիր ուժերի վրա բարդելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան