Անունը Վազգեն, ազգանունը՝ բրենդային Խաչիկյան, ինքը՝ տարազով
«Անունս Վազգեն է, ազգանունս բրենդային է՝ Խաչիկյան»,- Վանաձորում կազմակերպված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովին բանախոսներին հարցեր ուղղելու ժամանակ այսպես խոսքը սկսեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:
Նա տարազով էր ներկայացել համաժողովին: Մինչ բուն հարցին անցելը Խաչիկյանը նախ հիշեցրեց Հովհաննես Թումանյանի՝ Ավետիք Իսահակյանին գրած նամակը, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը»: Այնուհետև նա անդրադարձավ «նորօրյա դասականներից» Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով նրա խոսքը, թե «մեկ մարդուց է կախված Հայաստանի փրկությունը և այդ մեկ մարդը ես եմ»:
Նա նշեց, որ հիմա այս դահլիճում ներկա գտնվողների ձեռքին է Հայաստանի փրկությունը. «Դա կախված չէ ոչ կառավարությունից, ոչ վարչապետից, ոչ նախարարներից, այդ մեկ մարդը մենք ենք»:
Այնուհետև Վազգեն Խաչիկյանը հնչեցրեց իր հարցը, որը վերաբերում էր Լուռու մարզի արդյունաբերական ներուժին: Նա նշեց, որ մարզի արդյունաբերական պոտենցիալի 80 տոկոսը 2018 թ-ին ապահովում էին Ալավերդու պղնձաձուլարանը և «Թեղուտ» ընկերությունը, որոնք այսօր չեն աշխատում և դրա հետևանքով մարզի արդյունաբերական ցուցանիշները նվազել են:
«Լուծումը մենք պետք է փնտրենք ոչ միայն դրանք վերագործարկելու, այդ դրանց հնարավորություններն օգտագործելու մեջ: Օրինակ, Գերմանիայում ածխահանքերը ավելի քիչ շահույթ են ապահովում, քան ածխային հանքերի տուրիզմը: Իսկ Իտալիայում պղնձահանքերում ստանում են աշխարհի ամենաթանկ պանիրներից մեկը՝ ֆոնտինալ պանիրը: Հիմա ուզում եմ առաջարկել, որ կարելի է Ալավերդու զարգացման այլընտրանքային լուծումներից մեկը դիտարկել պղնձահանքերի տուրիզմը»,- ասաց Վազգեն Խաչիկյանը:
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա նշեց, որ իրեն ուղղված նամակ ունի, բայց այն գրելուց առաջ հանդիպել է կառավարության 5 անդամի հետ, բայց որևէ քայլ չի արվել: «Մենք միայն Ախթալայում առաջիկա 3-4 տարում կարող ենք ունենալ 40-45 մլն դոլարի ներդրում առանց կառավարությունից մեկ կոպեկ ակնկալելու: Արդյոք պատրաստ է կառավարությունը ստանդարտ լուծումներից բացի ոչ ստանդարտ լուծումների գնալ»,-ասաց Վազգեն Խաչիկյանը՝ հավելելով, որ Հայաստանում կարող են տնտեսական հեռանկար չունեցող համայնքներն ապահովել զարգացման առաջանցիկ տեմպեր, օրինակ՝ Կալավանը, Ենոքավանը, Տաթևը ոչ ստանդարտ լուծումներով հաջողություններ են գրանցել:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ պատրաստ են քննարել ցանկացած առաջարկ ցանկացած համայնքի զարգացման վերաբերյալ: «Քանի որ առիթ չեմ ունեցել ծանոթանալու ձեր ծրագրին, ապա օգտագործեք առիթը և վեցերորդ անգամ այն ինձ ուղարկեք»,- ասաց նա:
Միաժամանակ նախարարը նշեց, որ ոչ ստանդարտ լուծումները կարող են վտանգավոր լինել. «Եթե դրանք այնպիսի արտոնյալ պայմաններ են, որոնք կխոչընդոտեն նույն գործունեությամբ զբաղվող այլ սուբյեկտի, ապա պատրաստ չենք նման լուծումների: Եթե ոչ ստանդարտ լուծումներ են, որ պահանջում են մեկնարկային աջակցություն, որ ծրագիրը տեղից շարժվի, իսկ հետո բոլորի հետ հավասար պայմաններում շարունակի աշխատել, ապա պատրաստ ենք աջակցել»:
Հարակից հրապարակումներ`
- Գործարար հարաբերություններում չկան խոչընդոտներ. Տիգրան Խաչատրյան
- «Մարդկանց բանկի պարտքերը ներվեցին, ընկերությունների վերաբերյալ քայլ չեղավ, հուսալքված ենք»
- Տնտեսական հրաշքն ու վարչապետը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում