Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման հեռանկարները
Փետրվարի 20-21-ին հերթական անգամ Երևան և Բաքու այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ինչպես և հաճախ լինում է, պաշտոնական հանդիպումներին հետևած հաղորդագրությունները սակավախոս էին և, կարծես, միայն ամրագրում էին հանդիպումների փաստը։ Այցին նախորդել էր վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի ոչ պաշտոնական հունվարյան հանդիպումը Դավոսում, որը կազմակերպվել էր առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների։ Ահա և նրանք եկել էին տարածաշրջան՝ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար։ Այդ մասին նշվում է նաև Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Համանախագահների այցից հետո մեկնաբանություններով հանդես եկան, ի թիվս այլոց, ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը և վերլուծաբան Փոլ Գոբլը։
Դեսպան Հոգլանդը իրադարձությունների զարգացումը թեև խոստումնալից է համարում, սակայն որևէ լուրջ բեկում հորիզոնում չի նկատում։ Նա խոսել է այսպես կոչված «Լավրովի պլանի» մասին, համոզմունք հայտնել, որ հիմնական որոշումը այս հարցում Մոսկվայում է գտնվում և նշել, որ կա կարծիք, թե Կրեմլը չի ցանկանում, որ հետխորհրդային տարածքի հակամարտությունները կարգավորվեն, որովհետև, եթե դրանք կարգավորվեն, իրենք կկորցնեն ազդեցությունը:
Փոլ Գոբլը մեծ հաշվով համաձայնում է այս կարծիքին, որ Ռուսաստանը նպաստում է ԼՂ հակամարտության չկարգավորմանը և Հարավային Կովկասում ազդեցությունն ընդլայնելու համար բանակցային գործընթացը պահում է իր հսկողության տակ։ Մի խոսքով, ամերիկյան փորձագետները ԼՂ հակամարտության կարգավորման մեջ ապակառուցողական դերը վերագրում են Ռուսաստանին, ինչը զարմանալի չէ, նաև սպասելի, որոշ առումով էլ փաստարկելի։
Ըստ այս տրամաբանության՝ Ռուսաստանը կողմերին ներկայացնում է քիչ իրատեսական լուծումներ, ինչպիսին է «Լավրովի պլանը», ապահովում է ցածր ինտենսիվությամբ բանակցություններ, զենք է վաճառում կողմերին և վերահսկում է, որ լարվածությունը լայնամասշտաբ գործողությունների չվերածվի։ Այսինքն դուրս է գալիս, որ ՌԴ ռազմավարական շահն է ունենալ սառեցված կամ կիսասաեռցված հակամարտություն, ինչը կօգտագործի որպես լծակ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Այստեղից ենթադրվում է, որ եթե հակամարտությունը ինչ-որ կերպ կարգավորվի, Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում, և այդ երկրները դուրս կգան նրա «հատուկ շահերի ոլորտից»։ Սա իհարկե ցավալի իրավիճակ է, եթե Ռուսաստանում կարծում են, որ Հայաստանին կամ Ադրբեջանին ռուսական ազդեցության գոտում պահելու այլ արդյունավետ տարբերակ չկա և նրանց պարտադրում են ստիպողական բարեկամություն։
Մյուս կողմից ԼՂ հակամարտության չկարգավորված լինելուց կարող են օգտվել նաև այլ դերկատարները՝ Թուրքիան, Իրանը, ԱՄՆ, ինչու ոչ նաև Վրաստանը, և աշխարհաքաղաքական ոլորաններում ռուսական կողմի մշտական հաջողությունը երաշխավորված չէ։ Ունենալ սառեցված հակամարտություն Կովկասի նման խոցելի և աշխարհաքաղաքական տեսակետից անկայուն տարածաշրջանում ինչքան որ հնարավորություն, նույնքան էլ մարտահրավեր է Ռուսաստանի համար։
Իսկ ինչ կլինի, եթե տեսականորեն պատկերացնենք, որ մի օր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, առանց Ռուսաստանի, ԱՄՆ կամ այլ միջնորդի, պայմանավորվում են կարգավորման պարամետրերի շուրջ, և խնդիրը հանգուցալուծվում է։ Ռուսական կողմի համար նման զարգացումը այս պահին շահավետ չէ՝ վերը նշված փաստարկները հաշվի առնելով։ Ամերիկյան կողմի համար ԼՂ հարցն ըստ էության առաջնահերթություն չէ, և այն փոքր գործոն է տարածաշրջանային մեծ հավասարման մեջ։ Թրամփի վարչակազմը այժմ կենտրոնացած է Իրանի վրա, և ԼՂ հակամարտության ինչ-որ կերպ կարգավորումը կարող է նոր հնարավորություններ բացել այս ուղղությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ երկիրը՝ Ֆրանսիան, ընդհանրապես լուրջ կենսական շահեր չունի այս հակամարտության մեջ։ Այսօր Ֆրանսիան ավելի ծանր մարտահրավերների առջև է կանգնած թե՛ երկրի ներսում, թե՛ Եվրոպայում, բայց գործընթացներից դուրս չմնալու մղումից ելնելով, կցանկանար մաս կազմել ԼՂ կարգավորման գործընթացին։
Ինչ է ստացում, որ թեև ըստ հրապարակային հայտարարությունների, որ ԼՂ հարցը այն քիչ խնդիրներից է, որտեղ երեք համանախագահ երկրների տեսակետներն համընկնում են, իրականում համաձայնություն չկա ոչ միայն հակամարտության կարգավորման սկզբունքների, այլ հենց կարգավորված լինելու գաղափարի շուրջ։ Ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն բերելու է տարածաշրջանային ազդեցության մեխանիզմների վերաբաշխման՝ հնարավոր անցանկալի հետևանքներով։ Ուստի և մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խումբը կլինի ստատուս քվոյի պահպանման ինստիտուցիոնալ արտահայտումը։
Եվ ոչ ոք չի կարող նրանց մեղադրել անգործության մեջ, քանի դեռ մեղադրանքի բեռը կարելի է հեշտությամբ փոխանցել հակամարտող կողմերին։ Տեսական պատկերացումը, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են առանց միջնորդի պայմանավորվել, ներկա դրվածքով անհնարին է՝ տրամագծորեն հակառակ, անզիջում դիրքորոշումների պատճառով։
Մադրիդյան սկզբունքները, ինչքան էլ ողջամիտ կամ ռացիոնալ թվան միջնորդներին կամ դիտորդների համար, չեն բավարարում կողմերից որևէ մեկի սպասելիքները, հատկապես երբ վստահության ցածր մթնոլորտի պայմաններում նրանք պատրաստ չեն որևէ էական զիջման։ Բանակցություններում բեկում ունենալու համար կամ այլ մոտեցումներ են պետք մշակել, կամ կողմերը պետք է որոշակի խմբագրումներ կատարեն իրենց «կարմիր գծերում»։ Եվ սա առաջին հերթին Ադրբեջանին է վերաբերում, որը չի դադարում «ամենինչ՝ միանգամից ինձ» սկզբունքով ինչ-որ տեղ ինֆանտիլ քաղաքանությունը, որին բնորոշ է մանկական ագրեսիվությունը և սեփական արարքների համար անպատասխանտվությունը։ Այլապես կարևոր չէ հանդիպումը եղել է Ալպերում, թե Միջին Ասիայում, պայմանավորվածությունները ձեռք են բերվել վերելակում, թե ավստրիական կամ ռուսական նախկին կայսերական ինչ-որ պալատում։
Աննա Մկրտչյան, քաղաքագետ
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը և համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը
- ԱԳՆ. Համանախագահների հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանըվերահաստատել է Հայաստանի մոտեցումները
- ԵԱՀԿ գործող նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու
- Անվտանգության ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ԵԱՀԿ հետ Հայաստանի համագործակցության առաջնայնություններից մեկը. Ապիտոնյան
- Բաքուն Հոգլանդի հայտարարության մեջ նորություններ է տեսնում
- Դեմկուսի նախագահին անհանգստացնում է ոչ թե Հոգլանդի հայտարարությունը, այլ ԱԳՆ-ի պարզաբանումը
- Թևան Պողոսյան. Եթե Հոգլանդի նպատակը դա էր, ապա նա հասել է նպատակին
- Հոգլանդի հայտարարությունը հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից. «Առավոտ»
- Հոգլանդ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկություններ չկան
- Բանակցային գործընթացը չափից դուրս դանդաղել է. Ռիչարդ Հոգլանդ
- Փոլ Գոբլ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա և նախորդ փուլերը զգալիորեն տարբերվում են