Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարան
«Երևանի մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը Չարբախում բացելուց հետո Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին մշակված նախագիծը թղթի վրա մնաց տասնամյակներ շարունակ: Քաղաքային իշխանությունները կիսատ մնացած կայարանը կառուցելու և մետրոյի զարգացման նոր մեկնարկի համար այսօր նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել»,- այս մասին ասված է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Սա պետք է լինի 100%-անոց բիզնես ծրագիր և բիզնես ծրագրի ներդրումով մենք պետք է կարողանանք իրագործել կամրջի և նոր կայարանի կառուցումը»,- նշել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ է ներառում. մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և տարածքում բնակարանային ֆոնդի թարմացում:
«Օրինակ, կամրջի Աջափնյակի մասում՝ ձորի մյուս հատվածում, առաջարկվում է կառուցել առևտրային մեծ կենտրոն: Այն, քանի որ մոտ է մետրոյին, հաճախելիության առումով շատ մեծ գործակից կունենա, սա արդեն հետաքրքիր ծրագիր է»,- ասել է Մեսչյանը:
«Երբ հասանք գնահատականների փուլին, հասկացանք, որ անմիջապես մետրոյի հարևանությամբ ունենք հնացող ֆոնդով թաղամաս: Դա Հալաբյան փողոցին հարող հատվածն է: Այստեղ մենք ունենք վթարային շենքեր և դրանցից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես առանձին վերականգնման բիզնես ծրագիր: Ցածր հարկայնությունը բարձր հարկայնության փոխարինելով, առանց բյուջեի ծանրաբեռնվածության, կարող ենք ունենալ նոր բնակարանյին ֆոնդ՝ մարդկանց վերաբնակեցման հնարավորությամբ»,- նշել է փոխքաղաքապետը:
Մետրոյի աշխատակիցների ու մետրոշինարարների հետ ապագա կայարանի տարածքին ծանոթացել է նաև գործարար Արսեն Իսկանդարյանը:
«Մենք հիմա քաղաքապետարանի հետ դիտարկում ենք տարբերակ, որ կառուցենք Աջափնյակ կայարանն առանց պետական ներդրումների: Պոլիտեխնիկի առաջին շրջանավարտներից եմ և ժամանակին մասնակցել եմ մետրոյի շինարարությանը: 40 տարի անց վերադառնալով՝ ցանկություն ունեմ շարունակել այս գործը»,- նշել է նա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի 525 մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին և մնացել անավարտ: Հիմա թունելային անցումն ամբողջությամբ կարդիականացվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան