Օղի խմող ազգից վերածվում ենք գինի խմող ազգի. ալկոհոլային խմիչքների շուկան՝ թվերով
Հայաստանում օղու արտադրության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականին հանրապետությունում 31.1%-ով նվազել է օղու արտադրության ծավալը:
Մասնավորապես, նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 5 մլն 44.1 հազար լիտր, իսկ 2017 թվականին՝ 7 մլն 318.7 հազար լիտր:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը օղու արտադրության ծավալների անկումը պայմանավորեց տվյալ ոլորտում տարվող քաղաքականությամբ :
«Օղու արտադրության ծավալների նվազումը ընդհանուր քաղաքականության հետևանք է: Վերջին 10 տարիներին այնպես է արվում, որ օղու արտադրությունը նվազի: 2011 թվականին ռեկորդ էր սահմանվել, երբ հայերը համարվել էին ամենաշատ օղի խմող։ Մենք ուզում են օղի խմող ազգից վերածվել գինի խմող ազգի»,- ընդգծեց Ավագ Հարությունյանը:
Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին հանրապետությունում նվազել է նաև վիսկիի և շամպայնի արտադրությունը: Փոխարենը ալկոհոլային խմիչքների շուկայում աճել է գարեջրի, գինու և կոնյակի արտադրությունը։
Այսպիսով, նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 806 հազար լիտր վիսկի՝ 2017 թ-ի համեմատ նվազելով 23.3%-ով, շամպայնի արտադրությունն էլ կազմել է 753.4 հազար լիտր՝ նվազելով 12.8%-ով:
Նշենք նաև, որ 2018 թ-ին Հայաստանում արտադրվել է 30 մլն 751.9 հազար լիտր կոնյակ, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 2,5 տոկոսով, իսկ գինու արտադրությունը կազմել է 8 մլն 877.4 հազար լիտր գինի՝ 2017 թ-ի համեմատ աճելով 0.3 %-ով: