«Մարդկանց բանկի պարտքերը ներվեցին, ընկերությունների վերաբերյալ քայլ չեղավ, հուսալքված ենք»
Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան սեփականատեր Լևոն Բաբուռյանն այսօր Վանաձորում ընթացող «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ հայտարարեց, որ այսօր ինքը հուսալքված վիճակում է:
«Այն բանկային քաղաքականությունը, որը մինչ օրս եղել է, ավելի շատ եղել է վաշխառուական , որն ուղղված էր մարդու եղածը ձեռքից խլելու համար: Այսօր մենք մեզ զգում ենք ավելի շատ լքված, հուսալքված վիճակում, քանի որ շատ մեծ քայլ էր, իհարկե, որ մարդկանց բանկային պարտքերը, տոկոսները և տուգանքները ներվեցին, բայց ընկերությունների վերաբերյալ ոչ մի քայլ չեղավ»,- նշեց Լևոն Բաբուռյանը:
Նրա խոսքով՝ իր նմանները շատ են, որ ցանկություն ունեն վաճառել ամեն ինչ ու հեռանալ Հայաստանից։
Համաժողովին ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ումի՞ց է լքված: Նրա խոսքով՝ համաժողովի ժամանակ պաշտոնյաները խոսում էին, որ մարդն իր ուժին պետք է հավատա:
«Դուք, կներեք, հին տնտեսական համակարգի ներկայացուցիչ եք, որը տնտեսական գործունեություն անելու համար պետք է հովանավոր ունենա, «կրիշա» ունենա: Բա վարկը վերցրել եք, ստորագրել եք ու այդ պահին վերլուծե՞լ եք, թե Ձեզ համար այդ վարկը տանելի է, թե ոչ: Էսօր, գիտեք, ինչքան մարդ է գյուղվարկ վերցնում, գնում «Նիվա» առնում, հետո խմում ու տանում խփում պատին, հաջորդ պահին ասում՝ բա կառավարություն, մեզ համար բան չես անո՞ւմ: Ի՞նչ անի կառավարությունը էդ մարդկանց համար», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ամեն մարդ պետք է ունենա իր պատասխանատվությունը: «Մենք այսօր հստակ քաղաքականություն ենք վարում, որ բանկային տոկոսները նվազեն, սա շատ կարևոր է, բայց ձեր պատմության առաջին պատասխանատուն Դուք եք, քանի որ կառավարությունը չէ վարկը վերցրել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այլ հարց է վարկի վերաձևակերպումը . «Որ շարունակեք աշխատել՝ պայմանով, որ վարկը կփակեք, դա այլ խոսակցություն է, այստեղ մենք կարող ենք աջակցել»:
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության ամենամեծ գործը չխանգարելն է, չպետք է մտնեն բանկի և գործարարի հարաբերության մեջ:
«Մենք մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու խնդիր ունենք, որովհետև գնում են վարկը վերցնում, բայց չեն հաշվում, որ կարող են տուն կորցնել, տոկոսի տակ ընկնեն: Բա որ պայմանագիրը ստորագրում էիք՝ ներդրումային ծրագիր, ռազմավարություն ունեի՞ք: Եթե խնդիրն այն է, որ աջակցենք, որպեսզի Դուք այդ վիճակից դուրս գաք, մենք կարող ենք միջնորդել: Անցել են այն ժամանակները, երբ վարչապետի զանգով պետք էր վարկ վերցնել, տոկոս իջեցնել, բոլորի համար պայմանները պետք է լինեն նույնը և հաղթեն լավագույնները, քանի որ մեր տնտեսությունը պետք է առաջ տանեն հաղթողները, մյուսներին մենք կօգնենք ամեն ինչով, որ դառնան հաղթող, բայց կառավարությունից Ձեզ համար հաղթանակներ մի՛ ուզեք, ձեր հաղթանակները դուք պետք է կերտեք»,- նշեց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում