«Ամեն ինչը բարդել, որ փող չկա, դա էլ հնարավոր չէ»
Պետության կողմից պահպանվող «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոցը, որը հայտնի է նաև Քարահունջ անունով, մշտապես քննարկվում է, հուշարձանի մասին գիտնականների և հետազոտողների կարծիքերը մշտապես տարբեր են լինում ու վեճի, քննադատությունների առիթ են հանդիսանում։
Օրեր առաջ «Save Carahunge - Տեր կանգնենք Քարահունջին» ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել հետևյալ գրառմամբ. «Ահա արգելոցի ներկայիս տնօրեն Աշոտ Ավագյանի վերաբերմունքը մեր մոլորակի ամենահին և ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի՝ Քարահունջի նկատմամբ, այս անգամ 1999թ․»։
Բնականաբար, սկսվեց քննադատությունների հերթական ալիքը։
«Ինքը կարծում ա էտ տարածքը իրա հոր դուքյաննա ու ինչ ուզի կարողա անել, ինքնահաստատվում ա Քարահունջի քարերի հաշվին »,- գրել է Նանա Պարիսի Հերունին։
Panorama.am-ի հետ զրույցում Քարահունջի հետազոտող, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանն ասաց, որ թեև այդ ժամանակ Աշոտ Ավագյանն արգելոցի տնօրենը չէր, բայց նա այդ տարածքը համարում է իր սեփականությունն ու ինչ ուզում, անում էր։
«Այլ բաներ էլ են տեղի ունեցել, քարեր են ներկվել, մի քանի ամիս մնացել է, որևէ մեկը ձայն չի հանել։ Ակնհայտորեն, բոլորը տնօրենի իմացությամբ»,- նշեց նա։
Վ. Վահրադյանի խոսքով, հուշարձանի տարածքում պարբերաբար կրակ են վառել, ինչն անթույլատրել է, քանի որ մոխիրը կարող է խառնվել հողի հետ, ինչի հետևանքով ածխածնային եղանակով տարիքի որոշումը կարող է խախտվել։
Հնագետ Բորիս Գասպարյանի վերաբերմունքը նման երևույթին «շատ վատ է»։ Նրա խոսքով, ընդհանրապես հուշարձանների նկատմամբ վերաբերմունքը շատ վատ է։
«Օրենքով պաշտպանված հուշարձաններ են, բայց պատերը ներկելու, վրան գրելու առիթը բաց չեն թողնում։ Հուշարձանների պահանության վիճակն այդքան էլ լավ չէ։ Պատճառները և օբյեկտիվ են, և սուբյեկտիվ»,- ասաց հնագետը։
Բ. Գասպարյանն ընդգծեց, որ երկիրը հարուստ է հուշարձաններով, պետության միջոցները չեն հերիքում։
«Ժողովրդի պահպանությունն էլ է կարևոր, պետությունը պետք է հենված լինի ժողովրդի աջակցության վրա։ Դա չի ընկալվում։ Հնագիտական հուշարձանները մեր երկրի տնտեսության համար ահռելի նշանակություն ունեն։ Ժողովուրդը չի հասկանում դրա արժեքը, մեր մեղքն էլ կա՝ չենք բացատրում, չենք հասկացնում։ Վանդալիզմի ակտերը պետք է խիստ պատժվեն»,- ասաց նա։
Բորիս Գասպարյանի համոզմամբ, պետք է նախ մշակվի շատ լուրջ հայեցակարգ, կատարվի դաստիարակչական, պրոպագանդիստական լուրջ աշխատանք։
«Պետական լուրջ քաղաքականությունը բացակայում է։ Այդտեղ փողի խնդիրը չէ միայն։ Իհարկե, գումարների հետ է կապված, բայց ամեն ինչը բարդել, որ փող չկա, դա էլ հնարավոր չէ»,- ընդգծեց հնագետը։
Բ. Գասպարյանն ասաց, որ հուշարձանի նկատմամբ վերաբերմունքը թե պետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների, շատ թույլ է. «Օրինակ, հուշարձանի մեծ մասն ավերված է, գյուղապետը տեղյակ է»։
Նրա խոսքով, պարզ չէ, թե մշակույթի նախարարությունը կրթության և գիտության նախարարությանը միավորելուց հետո Հուշարձանների պահպանության գործակալությունը որ կառույցին են միացնելու։
«Առաջարկ կար այն միացել քաղաքաշինությանը։ Քաղաքաշինությունը տարածքը յուրացնող մարմին է, բերում ես հակառակ ուղղվածությունը՝ պահպանությունը, դնում ես դրա ենթակայության տակ»,- ասաց Բորիս Գասպարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զորաց քարերի պեղումներին պետք է մասնակցեն այլ մասնագետներ ևս. Գ.Բրուտյան
- Անդրկովկասում միակ մեգալիթյան հուշարձանը «Զորաց քարեր»-ն են
- Փրկենք Քարահունջը պեղումների՞ց, թե՞ պրովոկացիաներից
- «Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան
- «Զորաց քարեր»-ում ունենք 2000 տարուց ավելի ներառող շրջան. հնագետ
- «Զորաց քարեր»-ում վերսկսվել են պեղումները
- «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հայտնաբերվել են նոր քարեր
- «Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր». Մաթեմատիկոսը պնդում է, որ հուշարձանի նման ևս մեկ կառույց է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան