12-ամյա Աիդայի ջազ կատարումն ու «Լապտերները»
Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սանուհի, «Լապտերներ» նախագծի անդամ 12-ամյա Աիդա Ավանեսյանն իր ջազ կատարումով, որից մի փոքրիկ հատված հայտնվել է համացանցում, գրավել է շատերի ուշադրությունն իր կատարողականով ու արտիստիզմով։ Նա փետրվարի 22-ին ելույթ է ունեցել Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում, որտեղ տրվել է «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպության «Լուսե տանիք» նախագծի էսքիզային փուլի մեկնարկը։ Պաշտոնական մասից հետո արդեն մշակույթի տան նախասրահում հյուրասիրության ժամանակ երաժիշտները որոշել են ավելի ջերմացնել մթնոլորտը։ Աիդան հանդես է եկել հենց այդ կատարմամբ։
«Աիդան հոյակապ դաշնակահարուհի է։ Երեք տարի մեզ հետ ճանապարհ է անցել։ Խոնարհվում եմ իր մասնագետների, ուսուցիչների առջև։ Նաև կարևորում եմ իր «լապտեր» լինելը, այն ազատությունը, որ վայելում եք, մեր մեթոդաբանության շնորհիվ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, «Լապտերներ» նախագծի հիմնադիր Էկա Հորստկան։
Նա ներկայացրեց Աիդայի և «Լապտերներ» նախագծի մյուս 24 երեխաների անցած ճանապարհը։ Իսկ ճանապարհը սկսվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
««Լապտերներ» նախագծի նպատակն էր երեխաների միջոցով ներկայացնել հայի անկոտրում գենը»,- ասաց Է. Հորստկան։
Նախագծի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներից ընտրվել են 150, թեև նախատեսված է եղել 100, մինչև 12 տարեկան երեխաներ։
«Մենք չէինք ընտրում մրցակցության հիմքով, այսինքն չէինք ընդունում պատրաստ, վարվռուն երեխաների, որ ամեն տեղ կային, այլ այն երեխաներին, որոնց պետք էր մի փոքր թև տալ, որ իրենց պոտենցիալը կարողանային ցույց տալ։ Այսօր այն մոդելն է տիրում, որտեղ լավագույնները մնում են լավագույններ, մոխրագույնները երբեք գույները չեն փոխում, եթե միջամտություն չի լինում։
Մեր ծրագիրն ունի ուսուցողական հատված, բազմաթիվ արվեստանոցների միջոցով կրթում ենք նրանց, ապահովում ընդհանուր զարգացում»,- պատմեց նախագծի հեղինակը։
2015-ի ընթացքում «Լապտերները» տարբեր միջոցառումների են մասնակցել։ 2016 թվականին 150 երեխաներից նախագծի հեղինակներն ընտրել են 25-ի, կրկին նույն սկզբունքով՝ ուշադրություն դարձնել այն երեխաներին, որոնց հնարավորություն տրվի պոտենցիալն ավելի զարգացնել։
«Երկու ձևաչափ ունենք՝ կրթաուսումնական և գեղարվեստական-կատարողական։ Նախքան երկրորդ ձևաչափին անցնելը կրթաուսումնական ընթացքն ենք ապահովում, շփվում են հայտնի երաժիշտների հետ, ձեռք են բերում վստահություն և անմիջական գիտելիք»,- ասաց Է. Հորստկան։
2016-ին իրականացվել են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգներ, ցուցահանդեսներ, ֆլեշմոբեր։
2017 թվականին «Լապտերներն» ունեցել են միջոցառումներ «Սերունդների երկխոսություն» կարգախոսի ներքո, երի ընթացքում երեխաները ելույթ են ունեցել հայտնի, իրենց ընտրած օրինակելի վարպետների հետ։ Մի ամբողջ տարի են պատրաստվել երկխոսելու, այդ երկխոսությանը համապատասխան լինելու համար։
2018 թվականին նրանք արդեն իրենց փորձով կիսվել են երեխաների հետ, միջոցառումներն իրականացվել են «Երեխաները երեխաների համար» խորագրով, այցելել են Ստամբուլ, ելույթ ունեցել Թուրքիայի հայ համայնքի երեխաների հետ միասին։
«Մեզ հրավիրեցին Ստամբուլ։ Մեզ համար կարևոր էր, որովհետև ինչից ծնվեց էր «Լապտերները»՝ Հայոց ցեղասպանության թեմայից, մեզ հրավիրում են հենց այդ հողի վրա քարոզելու հայ մշակույթը»,- ասաց նա։
Այս տարվա անելիքները դեռ քննարկումների փուլում են։
Է. Հորստկայի ներկայացմամբ, «Արտսինեմա» ՀԿ-ն Մարտունիում մի շարք ծրագրեր է իրականացնում. ստեղծել են «Ոսկեփորիկ» գեղագիտության կենտրոնը, փետրվարի 4-ին իր դռներն է բացել վերականգնողական կենտրոն, որտեղ 3 ամսվա ընթացքում տարատեսակ թերապիաներ են անցնելու Մարտունու տարածաշրջանից հաշմանդամություն ունեցող երեխաները։ Տարածաշրջանի առաջին վերականգնողական կենտրոնն ապահովված է անհրաժեշտ պայմաններով և սարքավորումներով, ինչպես նաև համալրված լավագույն մասնագետներով, ովքեր աշխատելու են ոչ միայն երեխաների, այլ նաև իրենց ծնողների հետ՝ նպատակ ունենալով բարելավել երեխաների առողջական վիճակն ու խնամքը, զարգացնել ակտիվությունը և նպաստել նրանց՝ հասարակությունում ինտեգրմանը:
«Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությունը Մարտունիում իրականացնում է նաև «Լուսե տանիք» նախագիծը, որի նպատակն է վերակառուցել և արդիականացնել քաղաքի հանրային գրադարանը։
Է. Հորստկան ասաց, որ բոլոր ծառայությունները՝ և «Լապտերների», և «Ոսկեփորիկի», անհատույց են։ Նախագծերն իրականացնում են գործընկերների, դրամաշնորհային ծրագրերի միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի