Ալեքսանյանն ու Ծառուկյանը իրենց բիզնեսների և ընտանիքի անդամների անունից գումար են փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018թ.-ի ամռանն ազդարարեց նոր բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին:
«City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Աննա Հակոբյանն է, խորհրդի կազմում ընդգրկված են «Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավորներ, բժիշկներ, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիմադրամին գումար տրամադրած ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ նախօրեին հրապարակված ցանկի համաձայն, նվիրատուների ճնշող մեծամասնությունը հայաստանցի գործարարներն են, բանկերն ու խոշոր ձեռնարկությունները:
Մասնավորապես, գործարար Սամվել Ալեքսանյանը 2018.թ-ին հիմնադրամին գումար է փոխանցել իրեն պատկանող 4 ձեռնարկությունների անունից: Ալեքսանյանին պատկանող բոլոր ընկերությունները միասին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին են փոխանցել շուրջ 40 հազար ԱՄՆ դոլար:
«Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամ՝ 10,000,000.00 դրամ
«Ալեքս տեքստիլ» ՍՊԸ՝ 2,000,000.00 դրամ
«Սիթի» ՍՊԸ՝ 2,000,000.00 դրամ
«Նատալի ֆարմ» ՍՊԸ՝ 3,000,000.00 դրամ
Ըստ հիմնադրամի կայքում հրապարակված ցանկի, 2018թ.-ին հիմնադրամին գումար են փոխանցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը: Փաշինյանի կնոջ ղեկավարած հիմնադրամին գումար է փոխանցվել նաև «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Երևանի կոնյակի գործարան»-ի անունից:
2018թ.-ին Ծառուկյաններն, ընդհանուր առմամբ, 14 մլն ՀՀ դրամ են փոխանցել «City of smile» ին:
Անահիտ Ծառուկյան՝ 5,000,000.00 դրամ
Ջավահիր Ծառուկյան՝ 5,000,000.00 դրամ
«Գագիկ Ծառուկյան» ԲՀ՝ 2,000,000.00 դրամ
«Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ՝ 2,000,000.00 դրամ
Բացի սա, «Ծառուկյան բարեգործական հիմնադրամն» ու Ջավահիր Ծառուկյանը Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար են փոխանցել նաև 2019թ-ին՝ յուրաքանչյուրը 1 մլն դրամ:
Անցյալ տարի հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է եղել. գումարի չափը կազմել է 51,000,000.00 ՀՀ դրամ:
Հիմնադրամին շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
«City of smile» հիմադրամի 2018թ.-ի նվիրատուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: