Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը կցուցադրվի հայաստանյան կինոթատրոններում
Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրության` 2015-ին նկարահանված կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, մի քանի տարի բուռն փառատոնային կյանքից հետո՝ 2019 թ․ հունվարի 23-ից վերսկսել է ցուցադրությունները Ֆրանսիայի կինոթատրոններում։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմի պաշտոնական վարձույթին նախորդել է լայնածավալ գովազդային արշավը։ Նախ Լե Պլեսի Ռոբինսոն քաղաքի Ժերար Ֆիլիպ կինոթատրոնում կայացել է փակ ցուցաադրություն-քննարկում սցենարի հեղինակներ Լևոն Մինասյանի, Էսթեր Մանի, պրոդյուսերներ Գորյուն Ափրիկյանի և Մարի-Կլոդ Արբոդիի մասնակցությամբ, այնուհետև Իլ դը Ֆրանս երկրամասի հայ –ֆրանսիական ասոցիացիան հեռարձակե․ է ռադիոհաղորդում ֆիլմի պրոդյուսեր՝ Կորյուն Ափրիլյանի և սցենարի հեղինակ Լևոն Մինասյանի մասնակցությամբ:
Ֆրանսիայում «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը շատ ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի և կինոքննադատների կողմից։ Իսկ ֆրանսիական մամուլում տեղ են գտել բազմաթիվ հետաքրքիր արձագանքներ:
Շուտով Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը կցուցադրվի նաև հայաստանյան կինոթատրոններում։
«Մոսկվիչ, իմ սեր»-ը պատմում է ծերունի Համոյի մասին, ով ապաստան է գտնում Հայաստանի լեռներում կորած մի գյուղում և տաղտուկ կյանքով ապրում է կնոջ հետ: Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում է ապրուստին: Համոն թաքուն երազանք ունի. ձեռք բերել «մոսկվիչ»՝ աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան, որը նրան խոստացել էր խորհրդային տարիների ղեկավարությունը, բայց որը նա այդպես էլ չստացավ: Միությունը փլուզվել է, Համոյի երազանքը՝ մնացել: Մի օր Համոն հանկարծ իմանում է, որ հարևան գյուղում «մոսկվիչ» են վաճառում:
Ռեժիսորի խոսքերով, ֆիլմը սերնդի պատմություն է, սերունդ որը մի օր արթնանում է և հասկանում, որ իր իմացածը ոչ մեկին այլևս պետք չէ. «Ֆիլմում սերնդի ողբերգության և դատապարտված լինելու խնդիր է դրված»:
2015-ին «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի 5-րդ միջազգային փառատոնում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում արժանացել էր Գրան պրիի: Կինոնկարը 2015-ին մասնակցել էր նաև երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, արժանացել երկու մրցանակի՝ «Ֆիպրեսի մրցույթ» և «Էկումենիկ մրցույթ» անվանակարգերում: 2016-ին Ղրիմում կայացած «Золотой Витязь» միջազգային 25-րդ կինոֆորումում «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն արժանացել է «Золотой Витязь» մրցանակին:
Հարակից հրապարակումներ`
- Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն արժանացել է «Золотой Витязь» մրցանակի
- Միջազգային կինոփառատոնում Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր»-ը Գրան պրիի է արժանացել
- «Մոսկվիչ, իմ սեր»-ը սերնդի ողբերգության պատմություն է. Արամ Շահբազյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան