Բուկինիստական՝ հավատարիմ գրավաճառ և հավատարիմ գնորդներ
Մաշտոցի 45 հասցեում է գտնվում Երևանի հնագույն գրախանութներից մեկը, որն իր նախնական վիճակում պահպանվել է մինչև օրս։ Կահույքագործ վարպետ Հովհաննես Նաղաշյանը խանութի սրահն արևելյան ոճով է պատրաստել։ Սկզբում այն գործել է որպես թութունի խանութ, 70-ականներին վերածվել է նոտաների խանութի, որին զուգահեռ վաճառել են նաև գրքեր: 1990-ականներից այն գնել է Անդրանիկ Շողունցը, դարձրել գրախանութ: Այսօր «Լույս» գրախանութում վաճառվում է բարձրակարգ գրականություն, նաև՝ հուշանվերներ, գեղանկարներ, բացիկներ...
Արդեն շուրջ 27 տարի գրախանութի գրավաճառն է Կարեն Գասպարյանը։ Նրա համար երկու տասնյակից ավելի «գրքերի աշխարհում» գտվելը դարձել է սովորական։ Գրախանութում գտնվելու ընթացքում հիմնականում գիրք է կարդում։
Panorama.am-ի հետ զրուցում նա ներկայացրեց, որ գրախանութում վաճառվում է գեղարվեստական գրականություն՝ տարբեր լեզուներով, համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչների ալբոմներ, հայագիտական գրականություն, ժամանակակից փիլիսոփայության մասին գրքեր։ Գրախանութում վաճառվում է նաև բուկինիստական գրականությունը, ինչի համար էլ հաճախ գրախանութն անվանում են բուկինիստական՝ հնագրավաճառական:
«Գրքերը բերում են հիմնականում հեղինակները, իսկ ավելի հին գրքերը բերում են մարդիկ, որոնց կամ այլևս պետք չեն կամ ծնողներինն է եղել, իրենց չի հետաքրքրում»,- ասաց նա։
Կ. Գասպարյանի խոսքով, այսօր հիմնականում վաճառվում են այն գրքերը, որոնք լավ են գովազդվում։ Դժվարացավ ասել՝ ավելացել են գնորդները, թե ոչ։ Գրավաճառի խոսքով, նման տվյալներ ավելի ճիշտ կարող են ասել այն գրախանութները, որտեղ նոր գրքեր են վաճառում։
«Լույս» գրախանութն ունի իր մշտական գնորդները։
«Մարդիկ կան 20 տարվա մեջ ինչքան Հայաստան են գալիս, այդքան գալիս են նաև այս գրախանութ»,- ասաց Գ. Գասպարյանը։
Իսկ այն մարդիկ, ովքեր առաջին անգամ եմ մտնում գրախանութ, շատ տպավորված են դուրս գալիս, քանի որ, ինչպես նշեց նա, զարմանում են գրախանութի ինտերիերով։
«Ով արդեն մտել է, տեսել է, ամեն անգամ հիացմունքով է նայում, իսկ նրանք, ովքեր առաջին անգամ եմ մտնում, տպավորությունը մեծ է լինում։ Նման դիզայն Երևանում հաստատ չկա»,- ասաց «Լույս» գրախանութի ամեն անկյունը, ամեն գրքի մասին ու գրքի տեղն իմացող Կարեն Գասպարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան