ՀԱՕԿ-ն այս պահից սառեցնում է բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին` այն անվանելով ոչ օրինական և հայտարարել է, որ ՀԱՕԿ-ը սառեցնում է բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, բազմիցս անդրադարձել եմ, սակայն ստիպված եմ ևս մեկ անգամ և, հուսով եմ, վերջին անգամ անդրադառնալ այս թեմային: 2018 թ. օգոստոսի 2-ին կայացած ընտրություններում ոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան փորձ է կատարել կազմակերպել Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնություն:
Հիշեցնեմ, որ ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային միություն) քննության արդյունքում պարզվել էր, որ տվյալ ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել էին խախտումներով: Ինչից հետո վերջինս պահանջել էր հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը և անցկացնել նոր ընտրություններ՝ այլապես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհեռացվի ԱԻԲԱ-ից: Փաստացի այսօր ֆեդերացիան շարունակում է իրականացնել իր իրավասություններից դուրս գտնվող գործողություններ:
Ֆեդերացիայի ո՛չ նախագահը, և ո՛չ էլ անձնակազմը լեգիտիմ չեն, ուստի նրանց կողմից կատարվող գործողությունները օրինականության դաշտից դուրս են: Տեղեկացնեմ, որ ԱԻԲԱ-ի փետրվարի 8-9-ը կայացած գործկոմի նիստում որոշվել է այս հարցով նշանակել հանձնակատար, ով իրավիճակի խորքային ուսումնասիրություններից հետո միայն հանձն կառնի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր ընտրությունների անցկացման գործընթացը: Սակայն, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան միտված է նախաձեռնելու օրինազանց միջոցառումներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հայրենական սպորտի իմիջը միջազգային հարթակներում բարձր պահելու նպատակով, այս պահից սառեցնում է սույն ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին:
Հ.Գ. Ի դեպ, փետրվարի 22-23-ը բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահի և գործկոմի ընտրություններն էին: Խորհուրդ կտայի պարզաբանում ստանալ բռնցքամարտի միջազգային կառույցներում «բացարձակ» հեղինակություն վայելող Արթուր Գևորգյանից, թե ինչու է վերջինս գործկոմի կազմում առաջադրվելու և չընտրվելու փաստը խնամքով թաքցնում»,- գրել է Ռոստոմյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի