Պատգամավորն առաջարկում է փոխել արհմիությունների մասին օրենքը
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման էր դրված «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի համահեղինակներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց. «Այս նախագծի նպատակն այն է, որ ձեռք չտալով մինչ օրս գործող արհմիությունների մեխանիզմին, ստեղծել մեխանիզմ, անկախ արհեստակցական կազմակերպություն, որը ոչ թե ստիպված լինի միավորել միայն տվյալ մեկ գործատուի մոտ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին, այլ տարբեր բնագավառի, տարբեր գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, ովքեր այս կամ այն պատճառով չեն վստահում իրենց գործատուի մոտ գործող արհմիությանը և ազատորեն կարող են միավորվել այլ արհմիության մեջ»։
Պետրոսյանի խոսքով՝ որպես կանոն արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, բայց նաև որպես գործատուի աշխատող՝ արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով։
«Փորձը ցույց է տալիս, որ գործատուի մոտ գործող արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց, և աշխատողների շահերի պաշտպանությունը լավագույն դեպքում սահմանափակվում է խորհրդատվական, զուտ մասնագիտական բնույթի գնահատականների փոխանակության մակարդակում: Իսկ անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենում որևէ գործատուից և ֆինանսավորվում է բացառապես աշխատողների անդամավճարներով և օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, բայց ոչ գործատուի միջոցներից, ինչը լիարժեք ու ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակցական միության համար»,-ասաց նա:
Պատգամավորը վստահ է, այս նախագծի ընդունմամբ կապահովվի աշխատողներին միավորող արհեստակցական միության լիարժեք անկախությունը, կբարձրանա աշխատողներին միավորող արհեստակցական միության նկատմամբ վստահությունը։
Նշենք, որ քննարկումից հետո նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ։ Հանձնաժաղովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԱԺ լիագումար նիստում կողմերը հնարավորություն ունենան երեքական րոպե ժամանակահատվածում ևս մեկ անգամ ներկայացնել և վերահաստատել իրենց դիրքորոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Գործատուների մոտ ստեղծվող արհմիությունների ՕԳԳ-ն բարձր չէ. պատգամավոր
- Հայաստանի պետհիմնարկների արհմիություն. Արհմիությունը մեկ մարդու պաշտպանության համար չէ
- Նախագիծը հնարավորություն է տալիս արհմիություններին որոշակի անկախություն ընձեռել. Մանե Թանդիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան