Բյուջե վերադարձրեք պարգևավճարները. Ակցիա կառավարության դիմաց
Կառավարության շենքի դիմաց «Տրիբունա» ՀԿ-ի մի քանի անդամներ պարգևավճարները բյուջե վերադարձնելու պահանջով դիմում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նրանք նաև նամակ ընթերցեցին՝ տեղեկացնելով, որ պարգևավճարների դեմ ստորագրահավաք են սկսել, համարում են, որ սոցիալապես անապահով երկրում նման մեծ գումարներով պարգևատրելը մեծ շռայլություն է, հարված հեղափոխության հռչակած արժեքներին։
Նրանք դիմելով վարչապետին կոչ արեցին, իր ենթականերին հորդորի պարգևավճարները վերադարձնեն բյուջե։
«Պայքարելու ենք մինչև վերջ։ Լինելու է համառ և հետևողական պայքար»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից Իրինա Հարությունյանը։
«Ապշելու բան է, ո՞նց է հեղափոխական հանրությունը նման չափի յուրացումը հանդուրժում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք նույն պահանջով կառավարության շենքի մոտ էին եկել նաև երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 11-ին։
Հարցը, հնարավո՞ր է կառավարությունում ընդառաջեն բողոքի ակցիայի պահանջներին, վարչապետի մամուլի խոսնակն անլուրջ որակեց։
Դրանից հետո ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարելու է «վճարված պարգևավճարներն առաջիկա ամիսներին քիչ կվճարեն, տեղը կգա, դուրս կգա։ Լուծեցի՞նք էս հարցը»։
Որևէ հայտարարություն, որ վարչապետի կողմից նման հանձնարարական եղել է, դեռ չկա։
Հարակից հրապարակումներ`
- «Դասական» Փաշինյանը պատասխան ուներ, իսկ «հեղափոխական» Փաշինյանը՝ ոչ
- Կառավարությունում պարգևավճարները բյուջե վերադարձնելու պահանջն անլուրջ են որակում
- Պարգևատրումը պետք է կապված լինի արդյունքային ցուցանիշների հետ. Արտակ Մանուկյան