Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ է ունենալու ՀՀ Ազգային ժողովի նախագահը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Դաշնության խորհրդի նախագահը, ողջունելով Ազգային ժողովի պատվիրակությանը, գոհունակություն է հայտնել, որ ԱԺ նախագահն իր առաջին աշխատանքային այցը կատարում է Ռուսաստանի Դաշնություն, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը: Այս համատեքստում Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ փետրվարի 27-ին Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահի սպասվող ելույթը բացառիկ բնույթ ունի:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին՝ Դաշնության խորհրդի նախագահը կարևորել է դրանց բացառապես խաղաղ բնույթը և համապասխանությունը սահմանադրաիրավական կանոնակարգումներին:
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով տիկին Մատվիենկոյին հրավերի համար, բարձր է գնահատել երկու խորհրդարանների միջևտարիներ շարունակ առկա փոխգործակցության մակարդակը և հավաստիացրել, որ նոր գումարման Ազգային ժողովը շահագրգռված է ռուսաստանյան գործընկերների հետ կառուցողական երկխոսություն ծավալել ու պատրաստ է առավել խորացմանը՝ օրակարգում ներառելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի շրջանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը նշել է, որ արդեն իսկ մեկնարկել են 7-րդ գումարման Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովների կազմերի ձևավորման աշխատանքները և հույս հայտնել, որ մոտ ապագայում արդեն հնարավորություն կստեղծվի գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որը շուրջ մեկ տարի շարունակ տարբեր պատճառներով հետաձգվել է:
Մտքերի փոխանակման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահությունը վստահել երկու երկրների խորհրդարանների փոխնախագահներին: Մինույն ժամանակ կարորվել է երկու օրենսդիր մարմինների գործընկեր հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների ամրապնդումը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի