«Փող վերցնելով ասում ենք՝ մալադեց չծառայելու համար». պատգամավոր
«Լուսավոր Հայաստան» խմբակցություն այսօր Աժ Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ նախագծով առաջարկում է փոխել սահմանված «2017 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը «2018 թվականի դեկտեմբերի 31-ը բառերով, ինչը հնարավորություն կտա 2018 թվականի ընթացքում 27 տարին լրացած քաղաքացիներին վերադառնալ Հայաստան ու համապատասխան ընթացակարգերով վճարել սահմանված գումարը ու ազատվել քրեական հետապնդումից։
«Առաջարկ է եղել, որ դեկտեմբերի 31-ի փոխարեն դիտարկվի 2019 թվականի մարտի 1-ը՝ ընդգրկելով ավելի երկար ժամանակահատված։ Ես դեմ չեմ առաջարկին, կարելի է ընդառաջել, հունվար-փետրվար ամիսներին նույնպես անձինք կարող են ներկայանալ, վճարել սահմանված գումարը և խուսափել քրեական պատասխանատվությունից»,- նշեց պատգամավորը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ արձագանքեց. «Այս հարցին վերջնական լուծում է պետք տալ։ Ամեն տարի այսպես փոխում ենք ժամկետները ու փող վերցնելով ասում ենք՝ մալադեց չծառայելու համար», - հավելեց Միքայելյանը։
Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, որ այդ հարցի մասին խոսել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որն ասել է, թե պատրաստվում են հարցին համակարգային լուծում տալ, բայց այդ լուծումը ուշանում է։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ 2003 թվականից մինչ այժմ օրենքի պարբերական փոփոխությունների արդյունքում 9800 քաղաքացի վերադարձել է Հայաստան ու վճարելով չծառայելու դիմաց ազատվել է քրեական պատասխանատվությունից։
«Այս պահի դրությամբ զինապարտությունից խուսափելու համար 27-35 տարեկան 3225 հետախուզվող կա։ Պետք է այնպիսի լուծում գտնենք, որ հնարավորինս շատ մարդ կարողանա վերադառնալ Հայաստան՝ բայց այդպիսով չվնասենք ոչ զորակոչին, ոչ մեր պաշտպանական համակարգին», - հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի