Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Մանկապիղծները սատանայի գործիքն են
Վատիկանում ավարտվել է կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեմ պայքարին ուղղված հավաքը, որը կազմակերպվել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ՝ 4 սկանդալային դեպքերից հետո, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում եկեղեցու հեղինակության ու նրա նկատմամբ վստահության հարցում։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Ֆրանցիսկոս պապն իր ավարտական ելույթում կոչ է արել ամեն ինչ անել, որպեսզի ոչ մեկ ու երբեք չկարողանա թաքցնել նման հանցագործությունները։ Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ անչափահասների պաշտպանությանը նվիրված հավաքին մասնակցել է 190 եպիսկոպոս՝ ողջ աշխարհից։
Ֆրանցիկոս պապը նշել է, որ այն մարդը, որն ընտրվել է Աստծո կողմից, որպեսզի մեր հոգիները տանի փրկության, նահանջում է սեփական ֆիզիկական թուլության կամ հիվանդության դեմ, ու դրանով իսկ դառնում սատանայի գործիքը։
«Այս հանցագործություններում մենք տեսնում ենք չարիքի ձեռքը, որը չի խղճում անգամ անմեղ երեխաներին»,-ասել է Հռոմի պապը։
Այս զարգացումներին հետևող փորձագետները նշում են, որ անչափահասների հետ կապված ամենաաղմկոտ դեպքերը տեղի են ունեցել 1970-1980-ականներին ու ստվեր են գցում Հովհաննես Պողոս 2-րդ պապի վրա, որը 2014թ.-ին հայտարարվեց սուրբ։
Ընդունելով եկեղեցու մեղավորությունը զոհերի առաջ՝ Ֆրանցիսկոսը նաև ընդգծել է, որ երեխաների նկատմամբ բռնությունների 95 տոկոսը տեղի է ունենում ընտանիքում, 5 տոկոսը՝ հանրային հաստատություններում, իսկ եկեղեցու բաժին մեղքը կազմում է մոտ 2 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Մանկապիղծ քահանաների «զոհերը» հավաքվել են Վատիկանում
- Հռոմի պապը գագաթնաժողով է հրավիրել Վատիկանում՝ եկեղեցում սեռական բռնությունների հարցով
- Հռոմի պապը խոստովանել է, որ միանձնուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ են եղել