Ոստիկանությունը թմրանյութ պարունակող կոնֆետների մասին ահազանգ չի ստացել
Մի քանի օր շարունակ ֆեյսբուքում տարածվում է անհայտ կայքերում գրված մի լուր, որով դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներին կոչ էին անում զգուշանալ։
Ըստ կոչի, դպրոցահասակ երեխաների շրջանում դպրոցներին հարակից տարածքներում անհայտ անձինք թմրանյութ պարունակող կոնֆետ են բաժանում, որն ուտելուց հետո երեխայի մոտ հնարավոր են ջերմաստիճանի բարձրացում, փսխում, գլխապտույտ, թուլություն։
Անհայտ ու ֆեյք կայքերից բացի այսօր լուրը սկսեցին տարածել նաև սոցցանցի ոչ ֆեյք օգտատերեր՝ նշելով, որ կոնֆետը բաժանում են փողոցներում։
Հասկանալու համար արդյոք նման խնդիր կա՞, բացի արագորեն տարածվող լուրերից, կոնկրետ դեպքերի վերաբերյալ ահազանգեր ստացվել են՝ Panorama.am-ը դիմեց ոստիկանությանը։
«Որևէ ահազանգ չենք ստացել»,-ասացին ոստիկանությունից՝ անպատասխան թողնելով հարցը, արդյո՞ք միջոցներ ձեռնարկվելու են տարածվող լուրի իսկությունը ճշտելու կամ էլ սուտ տարածող լրատվամիջոցին պատասխանատվության ենթարկելու համար։
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, որ կոչը տարածում են անհեթեթ կայքեր։
«Եթե կայքը չունի հասցե, չկան խմբագրի, լրագրողի անունները, այն չի կարող լինել վստահելի աղբյուր։ Նման կայքերն ապրում են հենց նման խուճապային լուրերի շնորհիվ, որովհետև մարդիկ սկսում են տարածել։ Դրա շնորհիվ այդ կայքերն իրենց գովազդն են ցուցադրում ու գումար են վաստակում։ Այստեղ խնդիրն այն է, որ մարդիկ առանց խորանալու, թե ինչպիսի աղբյուր է, ամեն գրած բան ընդունում են որպես ճշմարտություն»,-մանրամասնեց նա։
Քանի դեռ պատկան մարմինները՝ ԿԳ նախարարությունը, քաղաքապետարանը, ոստիկանությունը չեն արձագանքում արագորեն տարածվող այս տեղեկությանը, նկատենք, որ ավելի վաղ Ղազախստանի ոստիկանությունն էր հանդես եկել հայտարարությամբ։
Այդ երկրի իրավապահ մարմնից հայտնել էին, որ կրթական հաստատություններում ելակի համով թմրանյութ պարունակող կոնֆետի բաժանման դեպք չի արձանագրվել, ապա հիշեցրել էին, որ սուտ լուրեր տարածելու դեպքում սպառնում է քրեական պատասխանատվություն։
Աստանայի ոստիկանությունը քաղաքացիներին կոչ էր արել նաև չանհանգստանալ ու չտարածել այդ տեղեկությունը։
Ավելի ուշ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.
«Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք և առաջարկում կոնֆետներ, որոնք պարունակում են թմրամիջոց։ Տեղեկացնում ենք, որ մինչ օրս ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել: Նման դեպքերի ականատես քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես ահազանգել ոստիկանություն: Միաժամանակ կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուսափել չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, որոնք կարող են ծնողների շրջանում խուճապի մթնոլորտ ստեղծել»։