Գանձախուզության փորձ հուշարձանի տարածքում. խաթարվել է հուշարձանի հողաշերտը
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապանները հերթական շրջայցի ժամանակ, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի՝ Թանահատի վանական համալիրի տարածքում, հողաշերտի խաթարման դեպք է արձանագրվել: Անհայտ անձինք երկու գերեզմանոցներում փորել էին խաչքարի ու երեք տապանաքարերի շրջակայքը, տապանաքարերից մեկն էլ՝ շրջել: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից։
Մարզային ծառայության ահազանգից հետո, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը, ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, օպերատիվ արձագանքման բաժնի վարիչ Մենուա Գևորգյանը մեկնել են 13-17-րդ դարերով թվագրվող հուշարձանի տարածք: Դեպքին օպերատիվ են արձագանքել նաև ոստիկանները:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատասխանատուների հետ միասին հուշարձանի տարածքում տեղազննություն են իրականացրել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պատասխանատուները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ գանձախուզության փորձի արդյունքում խաթարվել է հուշարձանի հողաշերտը, բայց հուշարձանին որևէ վնաս չի հասցվել:
ՊՈԱԿ-ի ղեկավարության և ոստիկանության բաժնի պետի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հնարավոր իրավախախտման դեպքերից խուսափելու համար ուժեղացնել հսկողութունը հուշարձանի տարածքում, միջոցներ ձեռնարկել՝ գանձախուզության փորձ կատարած անձանց հայտնաբերման ուղղությամբ:
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանի հանձնարարությամբ Մարզային ծառայության աշխատակիցները հատուկ տեխնիկայի կիրառմամբ, ուղղել են շրջված տապանաքարը, հուշարձանը բերել են նախնական տեսքի, մաքրել՝ տարածքը:
Օրեր առաջ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի զբոսաշրջության բաժնի ուսանողները, քոլեջի ղեկավար Արգամ Դովլաթյանի հետ Թանահատից դեպի Սուրբ Խաչ եկեղեցի գնացող ճանապարհին պատահաբար երկու դամբարան էին նկատել ու տեղեկացրել ՊՄՊ մարզային ծառայությանը:
ՊՈԱԿ-ի ղեկավարությունը եղել է նաև դամբարանների տարածքում: Ուսումնասիրությամբ փաստվել է, որ դրանցից մեկը բացված էր՝ խաթարվել էր արտաքին տեսքը, մյուսը՝ ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Գանձագողության հետևանքով Վանի թագավորության ժամանակաշրջանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել
- Գանձագողություն հուշարձանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան