Ապօրինի եկամուտների բռնագանձման եվրոպական փորձը
Հայաստանում վերջերս խոսվում է «ապօրինի եկամուտների բռնագանձումների» կիրառման հնարավորության մասին։ Panorama.am-ը մոնիտորինգի ենթարկեց նման փորձը եվրոպական երկրներում։ Պարզվում է՝ միջազգային կազմակերպությունները խրախուսում են ազգային օրենսդիր մարմիններին՝ «ընդունել առավել արդյունավետ ու ներդաշնակ գործիքներ՝ զրկելու հանցագործներին ապօրինի եկամտից՝ անգամ վերջնական դատական ակտի կամ դատապարտման բացակայության պայմաններում (non-conviction-based confiscation)»։
Վերջին տասնամյակում մի քանի երկրներ ընդունել են բռնագանձումների վերաբերյալ օրենքներ, որոնց մի մասն արել է միջազգային ու ԵՄ օրենքների շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման համար, որոնք հորդորում են զարգացնել քրեական հանցագործներին եկամուտից զրկելու գործիքներ։
Ընդգծվում է «կեղտոտ փողերի» դեմ պայքարի օգուտները՝ պատժիչ, կանխարգելիչ, վերականգնող, ու մեր օրերում արդեն բռնագանձումը դառնում է հանցավորության դեմ պայքարի, այդ թվում նաև կոռուպցիայի, միջոցներից մեկը։
Ապօրինի եկամուտների բռնագանձումների հետ կապված ԵՄ-ն ունի մի քանի որոշումներ։
Եվրոպական խորհրդարանն ու ԵՄ խորհուրդը 2014թ.-ին ընդունել են Եվրամիությունում հանցագործություններից ստացված միջոցների և եկամուտների սառեցման և բռնագանձման վերաբերյալ դիրեկտիվ, որի համաձայն անդամ երկրները պետք է հնարավորություն ունենան բռնագանձել նման միջոցները կամ այդ գումարի չափով սեփականություն, որը ենթակա է քրեական հանցագործության համար վերջնական դատապաարտման։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի կայքից։
2016թ.-ի սեպտեմբերին ու նոյեմբերին ԵՄ կողմից այս թեմայով կազմակերպված փորձագիտական հանդիպումներից հետո Եվրամիության հանձնաժողովն ընդգծել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս գտել է, որ ոչ դատապարտման հիմքով պայմանավորված բռնագանձումները չեն հակասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին ու հոդված 1-ի առաջին արձանագրությանը, եթե հարգվեն արդյունավետ ընթացակարգային երաշխիքները։ Այն համատեղվում է մարդու իրավունքների, ներառյալ անմեղության կանխավարկածի և սեփական ունեցվածքն օգտագործելու սեփականատիրոջ իրավունքի հետ։Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ այն 2019թ․-ի առաջին եռամսյակում հրապարակելու է ոչ դատապարտման հիմքով հանցագործ գործողություններից առաջացած սեփականության բռնագանձումների վերաբերյալ ուսումնասիրություն։
2018թ.-ին ապրիլին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է զեկույց՝ «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ ապօրինի ակտիվների բռնագանձումների հեշտացման միջոցով», որով անդամ երկրներին կոչ է արվում ազգային օրենսդրությունում ընդգրկել առանց դատապարտման բռնագանձումը (non-conviction-based confiscation)՝ համապատասխան երաշխիքների ստեղծման պահպանմամբ։
Նշվում է, որ, համաձայն Համաշխարհային բանկի, կոռուպցիայից ու կազմակերպված հանցավորությունից եկամուտը տարեկան կազմում է ավելի քան 2մլրդ դոլար։ Եվրոպոլը նշում է, որ Եվրոպայում այս գումարներից միայն 1 տոկոսն է բռնագանձվում։
«Վեհաժողովը, անկախ ու անկողմնակալ երաշխիքների առկայության պայմաններում, մեծապես աջակցում է առանց դատապարտման բռնագանձումը կամ համանման միջոցները՝ որպես պետությունների համար ամենաիրատեսական ճանապարհ՝ լուծելու կազմակերպված հանցավորության հսկայական, աճող ֆինանսական ուժի հարցը՝ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը պաշտպանելու համար»,-ասվում է զեկույցում։
Իռլանդիան, Իտալիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան ընդունել են հատուկ օրենքներ, որոնցով հեշտացվում է ապօրինի ակտիվների բռնագանձումը՝ մասնավորապես չբացատրվող հարստության քրեական ծագման ապացուցման բեռը իշխանությունների վրայից նվազեցնելով՝ փաստացի ենթադրությունների կամ նույնիսկ դե ֆակտո, որոշակի հանգամանքներում, ապացուցման բեռը հակառակ կողմի վրա դնելով։
«Գոգիթիձեն և այլոք ընդդեմ Վրաստանի» ՄԻԵԴ վճիռ
Ապօրինի ակտիվների բռնագանձումների վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներից է «Գոգիթիձեն և այլոք ընդդեմ Վրաստանի» գործը, որով Վրաստանի 4 քաղաքացիներ 2005թ․-ի հուլիսի 4-ին դիմել էին ՄԻԵԴ՝ նշելով, որ դատարանի կողմից կայացված բռնագանձման որոշումը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդված 1-ի առաջին արձանագրությունը։
Գործի հանգամանքներում նշվում է, որ 2004թ․-ի մայիսին Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո Աջարիայի ինքնավար հանրապետությունում իշխանության է եկել նոր քաղաքական ուժ։
2004թ․-ի օգոստոսի 25-ին առաջին դիմումատու Սերգո Գոգիթիձեն, (մյուս դիմումատուները նրա որդիներն են ու եղբայրը), ով նախկինում զբաղեցնում էր Աջարիայի ներքին գործերի նախարարի տեղակալի ու աոիդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնները, մեղադրվում է, ի թիվս այլ խախտումների, իշխանության չարաշահման ու շորթման մեջ։
2004թ․-ի օգոստոսի 26-ին Աջարիայի դատախազությունը նախաձեռնում է վարույթ Գերագույն դատարանում՝ բռնագանձել դիմումատուի անիրավական ու անբացատրելի սեփականությունները՝ քրեական դատավարության համապատասխան հոդվածներով։
Դատախազը նշում է, որ ինքն ունի ողջամիտ հիմքեր հավատալու, որ 1994-ից 1997թթ․-ներին Գոգիթիձեի կողմից որպես ներքին գործերի նախարարի տեղակալ ու 1997-ից 2004թ․-ներին որպես աուդիտի գրասենյակի ղեկավար ստացած աշխատավարձով չէր կարող ֆինանսավորել գույքի ձեռքբերումը նույն ժամանակահատվածում նրա, նրա որդիների ու եղբոր կողմից։
Դատախազը ներկայացրել է նաև փաստեր, որ Գոգիթիձեն ստացել է 1644 և 6023 եվրո աշխատավարձ վերոնշյալ պաշտոններ զբաղեցնելու ժամանակ, սակայն ձեռք բերված գույքը գնահատվել է 450 հազար եվրո։ Դատախազությունը Աջարիայի գերագույն դատարանին խնդրել էր դիմումատուների գույքը բռնագանձել ու փոխանցել պետությանը, որը ներառել է մոտ 12 տներ Բաթումիում, Քոբուլետիում, մեքենա, մասնաբաժին հյուրանոցում։
Գործով իրականացվել է դատական քննություն, որը նկարագրված է գործի հանգամանքներում։ ՄԻԵԴ-ը մեջբերում է Վրաստանում 1997թ․-ին ընդունած ակտը՝ Պետական ծառայության ժամանակ շահերի բախումն ու կոռուպցիան, 2004թ․-ին ընդունված օրենքը՝ ապօրինի ձեռբերված գույքի կամ չբացահայտված հարստության զավթման մասին, Վրաստանի կողմից ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի ստորագրումը, 1990թ․-ին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, բռնագանձման մասին։
ՄԻԵԴ-ը մեջբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Սեփականության պաշտպանության Հոդված 1-ի առաջին արձանագրությունը, որի հիմքով դիմումատուները ՄԻԵԴ են դիմել, որում ասվում է, որ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»։
ՄԻԵԴ-ը 2015թ․-ին հրապարակված այս գործով գտել է, որ չի եղել Կոնվենցիայի Հոդված 1-ի առաջին արձանագրության խախտում։
Հավաքագրումը և թարգմանությունը՝ panorama.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան 50մլն եվրոյի բռնագանձում է կատարել՝ «Ռուսական լվացքատան» գործերով
- Harrods-ում 16մլն ֆունտ ծախսած կինը Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կինն է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի