Կկայանա «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» գիտաժողով
Աապրիլի 18-19-ին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» թեմայով երիտասարդական գիտաժողով: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից։
Ցեղասպանագիտությունը գիտական ուղղություն է, որն ուսումնասիրում է ցեղասպանության և նաև որոշ այլ զանգվածային սպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը: Այն առաջացել է 1970-80-ականների սահմանին և այսօր բուռն զարգացում է ապրում:
Յուրաքանչյուր տարի բազմաթիվ գիտաժողովներ են կազմակերպվում տարբեր երկրներում հեղինակավոր գիտնականների մասնակցությամբ: Աշխարհի լավագույն համալսարաններում գործում եմ Ցեղասպանագիտական ամբիոններ և ծրագրեր:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում նույնպես իրականացվում է Ցեղասպանագիտություն մագիստրոսկան ծրագիր:
Ցեղասպանագիտությունը միջառարկայական գիտաճյուղ է: Այն ցեղասպանությունները ուսումնասիրում է հիմնվելով տարբեր գիտությունների տեսությունների և վերլուծական մեթոդների վրա՝ պատմության, քաղաքագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, նաև արվեստագիտության, և նույնիսկ բժշկագիտության և տնտեսագիտության:
Այս ամենը թույլ է տալիս պնդել, որ գործ ունենք բազմաշերտ, բազմաբովանդակ և բազմակողմանի քննության կարոտ մի գիտաճյուղի հետ, որը չափազանց գրավիչ է նաև սոցիալական և հումանիտար գիտություններով հետաքրքրվող երիտասարդ ուսումնասիրողների համար:
Բացի այդ, Ցեղասպանագիտությունը կիրառական գիտություն է, քանի որ, ուսումնասիրելով երևույթի էությունը, մենք հնարավորություն ենք ստանում աշխատել այն կանխարգելելու ուղղությամբ:
Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ, ԼՂՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, մագիստրանտներ և ասպիրանտներ: Գիտաժողովի զեկույցները կարող են առնչվել տարբեր ոլորտներին՝ պատմություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, հոգեբանություն, սոցիոլոգիա եւ այլն: Զեկույցները կարող են ընդգրկել ինչպես Հայոց ցեղասպանությանը, այնպես էլ Հրեական հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի, Բանգլադեշի և այլ ժողովուրդների հանդեպ գործած ցեղասպանություններին, ինչպես նաև մարդկության դեմ այլ հանցագործություններին վերաբերվող թեմաներ: