«168Ժամ». Թանկացնում է ներմուծվող ցեմենտը, որպեսզի տեղականը մնա շուկայում
Նիկոլ Փաշինյանը վերադարձնում է պարտքը Գագիկ Ծառուկյանին՝ գրում է 168 ժամը։
Իշխանափոխության օրերին Գագիկ Ծառուկյանը կանգնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության կողքին, ինչպես իրենք են ասում, հեղափոխականներին մեքենաներով ջուր էին մատակարարում, ակտիվորեն մասնակցում էին բողոքի ակցիաներին: Նաև Ծաոուկյանի աջակցությամբ Փաշինյանը եկավ իշխանության: Այդ աջակցությունն արտահայտվեց՝ ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս:
Ու հիմա եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը: Օրերս կառավարությունը որոշեց հայկական ցեմենտ արտադրողներին, որոնցից ամենախոշորը, թերևս, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտն» է, պետական լծակներով պաշտպանել ներկրվող իրանական ցեմենտի ճնշումից: Անշուշտ, լավ է, որ կառավարությունը մտածում է տեղական արտադրողին պաշտպանելու մասին:
Բայց տեղական արտադրողին այդպես չեն պաշտպանում: Դա, թերևս, այն վատագույն տարբերակն է, որն ընտրել է կառավարությունը: Կամ ինչո՞ւ վարչապետի հոգածությանն արժանացավ հենց Գագիկ Ծառուկյանը: Մի՞թե Հայաստանում այլ արտադրողներ չկան, որոնք պաշտպանության կարիք ունեն:
Իհարկե, կան և շատ: Բայց նրանց ձայնը կառավարություն չի հասնում: Ասենք՝ գյուղատնտեսական ապրանքները: Ինչո՞ւ նույնքան փութաջանորեն կառավարությունը ներքին շուկան չի պաշտպանում թուրքական լոլիկի կամ այլ ապրանքների ներմուծումից:
Հիմա ինչպե՞ս կոչել ցեմենտ արտադրողներին պաշտպանելու կառավարության քայլը: Այս դեպքում Գագիկ Ծառուկյանը խոշոր գործարա՞ր է, ինչպես ասում է վարչապետը, թե՞ օլիգարխ: Թեև դրանից, ըստ էության, շատ բան չի փոխվում: Հասկանալի է, որ կառավարության այդ քայլով շահում է գործա-րարը, լուծվում է նաև մի քանի հարյուր կամ 1000-2000 մարդու աշխատանքը չկորցնելու խնդիրը: Բայց տուժում են տասնյակհազարավոր սպառողներ, որոնք ստիպված են լինելու անհամեմատ թանկ գնով ձեռք բերել այդ ապրանքը:
Հիմա ո՞րն է առավել կարևոր՝ տեղական արտադրո՞ղը, թե՞ սպառողը: Այս հարցի պատասխանն այնքան էլ միանշանակ չէ:
Այնպես չէ, որ ներքին արտադրողի պաշտպանությունը պետք է արվի սպառողի հաշվին: Ինչո՞վ է մեղավոր սպառողը, որ տեղական ցեմենտը մրցունակ չէ շուկայում: Ու հիմա ստացվում է, որ սպառողը պետք է հավելյալ գին վճարի նրա համար, որ տեղական արտադրողն իրեն լավ զգա: Սրանով կառավարությունը, այսպես ասած' սպառողի հաշվին լավություն է անում խոշոր գործարարին: Թանկացնում է ներմուծվող ցեմենտը, որպեսզի տեղականը մնա շուկայում:
Իսկ գուցե հակառակ ճանապարհո՞վ էր պետք գնալ:
Այսինքն' այնպես անել, որ ոչ թե ներմուծվող ապրանքը թանկանար, այլ տեղականն էժանանար, որպեսզի չտուժեր նաև սպառողը: Բայց չէ, կառավարությունն ընտրել է հեշտ տարբերակը: Չնայած դեռ պարզ չէ, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ ինչպես տվյալ ապրանքի ներքին շուկայի, այնպես էլ գործընկեր երկրների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների վրա: Մի կողմից փորձեր են արվում արտոնյալ ռեժիմներ ստանալ իրանական շուկայում հայկական ապրանքներն առաջ մղելու համար, մյուս կողմից՝ կառավարությունը սահմանափակումներ է կիրառում այդ երկրից ներմուծվող ապրանքների նկատմամբ:
Ավելին, ինչպես հայտնի է, դեռ նախորդ իշխանությունների օրոք ԵԱՏՄ երկրները, այդ թվում Հայաստանը, բանակցում էին Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Սպասվում է, որ առաջիկայում մի քանի հարյուր ապրանքատեսակներ կստանան ազատ շրջանառվելու հնարավորություն: Իսկ եթե դրանցից մեկն էլ ցեմենտն է: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է պաշտպանել տեղական արտադրողին: Սրանք հարցեր են, որոնք դեռ բաց են մնում: Ընդհանրապես հայկական ցեմենտի հետ կապված հարցերը շատ են: Անհասկանալի է, թե ինչպե՞ս է ստացվում, որ ներքին շուկայում տեղական ապրանքի իրացումը գրեթե կրկնակի թանկ է, քան արտահանվող երկրում:
Ասենք՝ Հայաստանում այն վաճառվում է տոննան 80 կամ 100 դոլարով, բայց հարևան Վրաստան արտահանվում է 45-46 դոլարով: Եթե 45-46 դոլարն ինքնարժեքն է, ինչպես հայկական արտադրողներն են ասում, ապա այդ ի՞նչ գործոններ են, որոնց հետևանքով ներքին շուկայում այն կրկնակի թանկանում է: Կամ գուցե տեղական սպառողին թանկ վաճառելու հաշվին հայկական ցեմենտն էլ վրացական շուկայում է դեմպին- գային գներով վաճառվում:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տար կառավարությունը՝ մինչև կորոշեր վարչական գործիքներով պաշտպանել տեղական արտադրողներին:
Շարունակությունը՝ Հակոբ Քոչարյանի հոդվածում, «168 ժամ» թերթում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան