«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրենը բացատրություններ է տվել ԱԱԾ-ում
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը երեկ կանչվել է ԱԱԾ՝ բացատրություններ տալու հիվանդանոցում գնումների գործընթացի կարգի փոփոխության հետ կապված: «Ազատության» հետ զրույցում Հովակիմյանը հաստատել է լուրը:
«Խոսքը վերաբերում էր դիալիզի պարագաների մրցույթին: Հիվանդանոցում կապված այս խնդրի հետ հիմնականն այն է, որ տեխբնութագրից հանվել են սպասարկմանն առնչվող մանրամասնությունները, պահանջները, այսինքն պարագա մատակարարողների սպասարկման սարքերի սպասարկման ապահովումը, որի պատճառով հիմա հիվանդանոցը, ըստ էության, ևս մեկ գնումների գործընթաց պետք է սկսի սպասարկման համար, բայց դեռ հարց է՝ մասնակից կլինի՞, թե չէ»,-ասել է Հովակիմյանը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողության ծառայության մի քանի աշխատակցիների, որոնք կասկածվում են գնումների գործընթացում կամայական միջամտությունների միջով չարաշահումների անելու մեջ:
Ուշագրավ է, որ ԱԱԾ-ն ու Պետական վերահսկողության ծառայությունը ողջ օրվա ընթացքում որևէ մեկնաբանություն չեն տվել խնդրի կապակցությամբ, բայց Հովակիմյանին ԱԱԾ հրավիրելու փաստը վկայում է, որ ԱԱԾ-ում խնդիր առնչությամբ գործ է քննում:
Ավելի վաղ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ մի շարք բժշկական կենտրոններում գնումների գործընթացում միջամտություն նկատելու կապակցությամբ դիմում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն:
Թորոսյանի խոսքով՝ խնդիրը վերաբերում է բուժհաստատություններին դիալիզ մատակարարող ընկերությունների մրցույթի կարգում արված փոփոխություններին: Համաձայն այդ փոփոխությունների, ոլորտի առաջատար «Ֆրիզանյուզ» ընկերությունը պարվել էր մրցույթում, փոխարենը հաղթել էր կահույքի մատակարարմամբ զբաղվող «Զառշեն» ընկերությունը:
Հիշեցնենք, որ «Ֆրիզանյուզ» ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանը «Հետք»-ին տված հարցազրույցում Պետական վերահսկողության պաշտոնյաներին մեղադրել էր իր բիզնեսը խլելու փորձի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան