Աննա Հակոբյանը՝ լրագրողներին. Չարժե մեր լրահոսի թոփ թեմային հավակնող «մատերիալը» թողնել անհատ քաղաքացիների հույսին
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է իր ղեկավարած հիմնադրամին նվիրատվություն կատարած անձանց վերաբերյալ մամուլի հրապարակումներին։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
««Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը, և նրանց հանգանակած գումարի չափը:
Որքան հասկանում եմ, շատ պատահաբար ինչ-որ մի անհատ դա տեսել է, ֆեյսբուքում այդ մասին գրառում արել, եւ դարձրել այս օրերի լրահոսի թոփ թեմաներից մեկը: Ընդ որում, բոլոր ԶԼՄ-ների լուրերը սկսվում են հետևյալ նախադասությամբ. «...հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը», և դա կարող է մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե ցանկն այսօր կամ երեկ է հրապարակվել:
Եւ....Ինչպիսի վերլուծություններ, մութ գործարքների մասին կասկածներ, արված նվիրատվությունների և հարկային պարտավորությունների կատարման/չկատարման մասին թափանցիկ ակնարկներ, օդում կախված լուրեր:
Ամեն ինչ նորմալ է, ցանկը հրապարակվել է, և մենք էլ որդեգրել ենք ծայրահեղ թափանցիկ գործելաոճ հենց այս պրոցեսի համար, որ լրագրողները մանրադիտակի տակ ուսումնասիրեն այն, որ բոլորն ամեն ինչ իմանան մեր մասին` ումից գումար ստացանք, ինչ արեցինք այդ գումարը, եւ այլն:
Նորմալ չէ այն, որ եթե ինչ-որ մի անհատ ևւս չորս ամիս սույն ցանկը պատահաբար չհայտնաբերեր, այս շատ կարևոր թեման հայկական մեդիադաշտին այդպես էլ հասու չէր լինի:
Ինչ վերաբերում է նվիրատվություններին, ապա ցանկում նշված բոլոր խոշոր նվիրատվություններն արվել են հուլիսի վերջին «Մարիոթ» հուրանոցում կայացած գալա-ընթրիքի ժամանակ, կամ դրանից կարճ ժամանակ անց: Այնպես որ, տվյալ դեպքում բոլոր վերլուծություններն ու մութ գործարքների մասին կասկածները շուրջ 7 ամիս ուշացած են:
Հատուկ լրագրողների համար`
«Իմ քայլը» հիմնադրամի կայքը պատրաստ լինելուց հետո այնտեղ կզետեղվի նաև այս հիմնադրամի նվիրատուների ցանկը: Յուրաքանչյուրը կշահի, եթե առաջինը հայտնաբերի այդ «գանձը»: Չարժե մեր լրահոսի թոփ թեմային հավակնող «մատերիալը» թողնել անհատ քաղաքացիների կամ պատահականությունների հույսին»։
Նշենք, որ այս հրապարակումից առաջ Panorama.am-ը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել «Իմ քայլը» հիմնադրամին։ Այստեղից հաստատել են՝ հարցումը ստացել են։
Հուսով ենք, պատասխանը կստանանք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետում, ու խմբագրության հարցերին պատասխանելու և հիմնադրամի կայքի պատրաստ լինելու ժամկետները չեն համընկնի։