Անտոնիո Գուտերես. Ապատեղեկատվությունը և ատելությունը՝ գլոբալ սպառնալիք
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նստաշրջանի բացմանը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը ահազանգել է մարդու իրավունքների ոտնահարումների մասին՝ մատնանշելով դրանց բացասական հետևանքները որպես սպառնալիք աշխարհի խաղաղությանն և անվտանգությանը: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Ձայնից։
Ըստ Գուտերեսի՝ աշխարհի մի շարք երկրներում մարդու իրավունքները օրակարգից դուրս են մղվում՝ խոչընդոտ հանիսանալով սոցիալական արդարության հաստատման և կյանքի որակի բարելավման համար:
Գուտերեսը մտահոգիչ է համարում մոլորակի գրեթե յուրաքանչյուր հատվածում, այդ թվում՝ համանացնում, քաղաքացիական հասարակության աստիճանաբար նեղացող միտումը։
«Ակտիվիստներն ու լրագրողները հայտնվում են գաղտնալսումների, բռնության սպառնալիքների, և հաճախ՝իրական բռնության և ապատեղեկատվության քարոզարշավների թիրախում: Տեղեկատվական արտահոսքը և դեմքի ճանաչման տեխնոլոգիան անհարկի օգտագործվում են տեղեկատվություն ստանալու և ազատ խոսքի միջամտության համար՝սահմանափակելով երկխոսության հնարավորությունը»:
Գուտերեսն իր անհանգստութունն է հայտնել նաև հակասեմականության և հակամահմեդական տրամադրությունների աճի մասին և ընդգծել, որ ատելության խոսքն ուղիղ սպառնալիք է ժողովրդավարական արժեքներին, հասարակական կայունությանն ու խաղաղությանը:
Նա հավելել է, որ արատավոր այս երևույթը զանգվածային բնույթ է ստանում թե՛ ավտորիտար, թե՛ ժողովրդավարական երկրներում:
Առաջիկա չորս շաբաթվա ընթացքում 47 անդամներից բաղկացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանգամանալից կքննարկի Գուտերեսի կողմից նշված խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ Սիրիայի, Մյանմարի, Բուրունդիի, Հարավային Սուդանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի մարդու իրավունքների մասին զեկույցները:
Խորհուրդը նաև քննարկումներ կծավալի՝ խոշտանգումների, առևանգումների, ահաբեկչության և կրոնի ազատության թեմաներով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս եկավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից՝ անվանելով այն քաղաքական նախապաշարմունքների և մարդու իրավունքների խախտման պաշտպան մարմին:
ԱՄՆ-ը, ինչևէ, կարող է ներկայանալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի առաջիկա նիստերին, սակայն, որպես դիտորդ: