Իրանի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին։ Եվրանյուզի հաղորդմամբ, այդ մասին նա գրել է իր Ինսթագրամի էջում։
«Մեծ շնորհակալություն եմ հայտնում Իրանի սիրելի ու համարձակ ժողովրդին և իշխանություններին վերջին 67 ամսվա մեծահոգության համար: Ես անկեղծ ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողանում շարունակել ծառայությունս և դրա ընթացքում բոլոր թերությունների համար։ Եղեք երջանիկ և պահեք արժանապատվությունը», - գրել է նա։
Վերջին օրերին Զարիֆը, որը Թեհրանի և «վեց» միջազգային միջնորդների միջև միջուկային գործարքի կնքման հարցում մեծ դերակատարություն է ունեցել, պաշոտանական միջոցառումներին չի մասնակցել։ Նրա հրաժարականը, ըստ դիտորդների, կարող է ցույց տալ Իրանի ղեկավարության մեջ բարեփոխումների կողմնակիցների և պահպանողականների միջև առճակատման սրացման մասին։
Զարիֆն Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում 2013 թվականի օգոստոսի 15-ից, եղել է Իրանի հատուկ ներկայացուցիչը ՄԱԿ-ում։