Սվիտալսկի. ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ է քաղաքական կամք
«Հիմնական պարամետրերն այն մասին, թե երբ մենք կարող ենք մտնել վիզաների ազատականացման երկխոսության մեջ չեն փոխվել։ Մենք խոսում ենք պատշաճ ժամանակի մասին, երբ համապատասխան պայմանները բավարարված կլինեն»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Դեսպանը նշեց, որ Հայաստանի գործընկերներն իրականացնում են երկխոսություն Եվրահանձնաժողովի ծառայության, ինչպես նաև անդամ երկրների հետ՝ առաջընթաց արձանագրելու համար, սակայն սա գործընթաց է, որն ունի երկու կողմ, որից մեկը քաղաքականն է։
«Բացել վիզաների ազատականացման երկխոսությունը քաղաքական որոշում է, երբ վերջնական խոսքը պետք է ասեն անդամ պետությունները։ Կա նաև գործնական կողմը, որտեղ կա այնպիսի հարցադրումների հստակեցում, որոնք կապված են վիզային դյուրացման հետ. ինչպես են իրականացվում մարդկանց միջև շփումները, այսինքն հայաստանցիների այցերը եվրոպական երկրներ ինչպես է դիտարկվում»,-ասաց Սվիտալսկին՝ նշելով, որ հայաստանյան կողմը հստակ գիտի, թե ինչ մտահոգություններ ունեն ԵՄ առանձին անդամ պետությունները՝ ընդգծելով, որ հայաստանյան գործընկերները հասկանում են այս մտահոգություններին արձագանքելու անհրաժեշտությունը։
«Այդ իսկ պատճառով, ես չեմ կարող կոնկրետ ժամկետ, ամսաթիվ ասել։ Հանձնակատար Հանը ևս Երևան այցի ժամանակ ասաց, որ ԵՄ-ն դրական է տրամադրված վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում։ Վիզաների ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող ու անվտանգ շարժունության ապահովման երաշխիքների մեխանիզմներ կան։ Լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն»,-ասաց Սվիտալսկին։
Դեսպանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզին, ասաց, որ ՀՀ-ն այն արդեն ներկայացրել է, որը վերլուծության է ենթարկվել Բրյուսելի մասնագետների կողմից ու ամապատասխան առաջարկություններով ներկայացվել կառավարությանը։ Սվիտալսկին ասաց, որ մինչև մարտի վերջը կունենանք համաձայնագրի ճանապարհային քարտեզը։
ԵՄ-ն պատրաստում է աջակցության կոնկրետ փաթեթ ճանապարհային քարտեզի իրագործման համար, որոնք կներառեն նաև թվինինգ ծրագրեր, որը ենթադրում է անհատ երկրների ներգրավմամբ խորհրդատվություն, բարձր մակարդակի խորհրդատուների ներգրավում տարբեր ոլորտային խնդիրների կարգավորման ու ծրագրերի իրականացման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին