Ծխելը մոդայիկ չէ. քննարկում
Մասնագետները կողմ են ծխելու դեմ պայքարի խստացմանը, նրանք կարծում են, որ ծխելու դեմ պայքարը ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահերի թիվը կրճատելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ ծխելու հետևանքով աշխարհում տարեկան մահանում է 6 մլն մարդ , որից 1 մլն-ը՝ պասիվ ծխելու։ «Ապացուցված է , որ այդ ծխի մեջ կա 4 հազարից ավելի քիմիական միացություն, որից ավելի քան 250-ը համարվում են վնասակար, 50-ը՝ քաղցկեղածին»,- ասաց նա։
Ուռուցքաբանը նշեց, որ ըստ վիճակագրության, ծխախոտ օգտագործող մարդկանց ավելի քան 80%-ն ապրում են տնտեսապես ոչ զարգացած երկրներում, իսկ զարգացած երկրներում ապրող մարդիկ գնալով ավելի շատ են գիտակցում ծխելու հետ կապված ռիսկերի մասին։
«Զարգացած երկրներում ապրող մարդիկ շուտվանից հասկացել են, որ դա մոդայիկ չէ, լավ չէ, գեղեցիկ չէ, դրանով ոչ մեկին ոչինչ չես ապացուցում, ապացուցում ես ընդամենը այն, որ դու հիվանդ ես: Ծխողները դա հիվանդություն չեն համարում, բայց կարող եք բացել հիվանդությունների դասակարգումը և տեսնել, որ ծխախոտամոլությունը դասակարգվում է որպես հիվանդություն: Հիվանդներին պետք է բուժենք, հիվանդությունը պետք է կանխարգելենք հնարավոր բոլոր միջոցներով»,- ասաց Վահե Տեր-Մինասյանը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դասախոս, ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանն էլ նշեց, որ ցավոք, Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր ծխողների քանակով։ Ըստ նրա՝ Հայաստանում ծխում է տղամարդկանց 60 տոկոսից ավելին, կանանց՝ 2 տոկոսը։
«Սրտանոթային, շնչառական համակարգի ու քաղցկեղային հիվանդությունների մեծ մասը պայմանավորված է ծխախոտի երկարատև օգտագործմամբ: Ուստի կառավարությունները հնարավոր բոլոր միջոցներով պետք է պայքարեն ծխելու դեմ։ Հանրային վայրերում արգելք դնելն ինքնանպատակ չէ, այդ արգելքը պետք է ծառայի իր նպատակին՝ չծխողներին պաշտպանի երկրորդային ծխի ազդեցությունից»,- ասաց Արուսյակ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ այս նախաձեռնությունը փայլուն արդյունքներ կգրանցի:
Ռեստորաններից մեկի տնօրեն Արսեն Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ դեռևս 4 տարի առաջ որոշում են կայացրել իրենց ռեստորանում արգելել ծխախոտի և էլեկտրոնային սիգարետների կիրառումը, ինչը դրական ազդեցություն է թողել իրենց բիզնես ցուցանիշների վրա:
«Մենք ցանկանում ենք՝ այն սնունդը, որ մատուցում ենք մեր հաճախորդներին, լինի համային ու հոտային այն վիճակով, որն ի սկզբանե նախատեսված էր, իսկ ծխախոտն իրականում ազդում է համի ու հոտի վրա»,- ասաց Արսեն Հովհաննիսյանը։
Նա միաժամանակ նշեց, որ «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծում կան մի քանի կետեր, որոնք դեռ պետք է քննարկել։
«Կան ռեստորաններ, որտեղ ծխելն արգելված է, դա փաստ է, բայց նոր օրենքի ձևակերպումներում բավականին խնդիրներ կան, որոնք կարող են հենց այդ ռեստորաններին վնաս հասցնել։ Օրինակ, նախագծով սահմանվում է փակ և կիսափակ տարածքներում ծխելու արգելք, մինչդեռ փակ և կիսափակ տարածքի հասկացությունը հստակ չէ, որի հետևանքով հասկանալի չէ, թե որ տարածքը կլինի փակ, որը՝ բաց և որը՝ կիսաբաց։ Մյուս խնդիրը վերաբերում է տուգանքներին, որոնք հստակեցման կարիք ունեն։ Այնպես պետք է անել, որ լավ նախաձեռնությունը խնդիրներ չառաջացնի»,- ընդգծեց ռեստորանատերը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ու ռեստորանատերերը եկել են պայմանավորվածության, բայց դրանով պայքարը չի ավարտվում
- Հայաստանում ծխելու դեմ պայքարի ծրագրերը դեռևս մնացել են թղթի վրա. Առողջապահության նախարար
- Առողջապահության նախարար. Ծխելու դեմ օրենքը հաստատ կընդունվի
- Արգելված վայրերում ծխելու համար սահմանված տուգանքի բարձրացում չի լինի. այժմ հստակեցումներ են արվում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա