Հասմիկ Պապյան. Համերգից ստացված 3.346.200 դրամը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին
Մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին նվիրված «Հայ երաժշտության» 10-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում փետրվարի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ է ունեցել օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։ Նա նախապես հայտարարել էր, որ համերգը բարեգործական է, հասույթը տրամադրվելու է «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին:
«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ փետրվարի 20-ի համերգի տոմսերի վաճառքից, Ձեր նվիրական ջանքերի շնորհիվ հավաքվել է 3.346.200 դրամ գումար, որը ինչպես և նշել էինք կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին: Խորին շնորհակալություն և խոնարհումս բոլոր նրանց, ովքեր սատարեցին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասմիկ Պապյանը:
Նա նաև նշել է, որ «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Համեստ Ուրֆանյանի հետ առաջին հանդիպումը և ծանոթությունը տեղի է ունեցել հենց բեմում։
«Աննկարագելի էին զգացումներս: Փետրվարի 20-ի ելույթը թերևս իմ բեմական կյանքի ամենահուզիչն ու հիշարժանն էր:
... Ես քաջ գիտակցում եմ, որ անհնարին է վերադարձնել մեր անգին տղաներին, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի: Սատարել վիրավորներին, զոհվածների հարազատներին, համոզված եմ՝ կարող ենք և պարտավոր ենք»,-գրել է Հասմիկ Պապյանը։
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամի ստեղծման մասին հայտարարել էր նրա մայրը՝ տիկին Համեստը։
«Սրբացած մեր տղաների հիշատակը հավերժ խոնարհումով պահելու համար հիմնել եմ հերոս որդուս՝ Արմեն Ուրֆանյանի անվան բարեգործական հիմնադրամը, որի խորհրդանիշ պատկերն աղավնիներն են՝ ի նշան խաղաղության ավետիս»,- ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Հասմիկ Պապյանի մասնակցությամբ բարեգործական համերգի հասույթը կտրամադրվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին
- Կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամ կստեղծվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան