Պիպոյանն ահազանգում է՝ գազավորված ըմպելիքների հարկումը միայն բացասական հետևանքներ է ունենալու
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը տեղեկություն է ստացել՝ կառավարությունում որոշել են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելիս նաև ներառել մի դրույթ, ըստ որի ակցիազային հարկը պետք է տարածվի գազավորված բոլոր, այդ թվում շաքարի փոխարինիչներ պարունակող ըմպելիքների վրա։ Այստեղ բացառություն են կազմում հանքային ըմպելիքները։
Ըստ Պիպոյանի, նախագծով սահմանվում է, որ մեկ լիտր ըմպելիքի համար կգանձվի 30 դրամ ակցիզային հարկ, ևս 6 դրամ ԱԱՀ։ Արդյունքում մեկ լիտրանոց գազավորված ըմպելիքի գինը կավելանա 40-50 դրամով։
ՀԿ նախագահը Panorama.am-ի հետ զրույցում պնդեց, եթե այն իրավական ուժ ստանա, ապա հետևանքները միայն բացասական են լինելու։
«Ակցիազային հարկը միակ սպառողական հարկն է։ Դա առաջին հերթին կպնում է սպառողի գրպանին։ Բացի այդ, կամայական որոշում կայացնելուց առաջ պետք է չափել տնտեսական ազդեցությունն ու հետևանքները»,- ասաց նա։
Սպառողների իրավունքերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետը պնդում է, ինչքան էլ չխրախուսվի էժան գազավորված ըմպելիքների օգտագործումը, այնուհանդերձ դրանք ունեն լայն սպառում, դրանց հիմնական գնորդները սոցիալապես անապահով քաղաքացիներն են։
«Գնի էական բարձրացումը հանգեցնելու է այն բանին, որ ոչ միայն ակցիզային հարկի մուտքերը չեն ավելանալու, այլև նվազելու են, քանի որ գնաճի հետևանքով սպառման ծավալները պակասելու են։ Արտադրական ծավալների նվազումն էլ իր հերթին կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը, դա էլ իր հերթին բերելու է եկամտային հարկերի նվազեցման»,-հնարավոր վատ հետևանքները թվարկեց Պիպոյանը։
Նա ընդգծում է՝ որևէ հաշվարկ, որևէ վերլուծություն չի եղել, որպեսզի պարզ դառնա՝ նման որոշումը բերելու է հարկային մուտքերի աճի՞ն, թե՞ նվազմանը։
«Դրա հետևանքով ավելանալու է նաև սոցիալական բեռը։ Մենք ինչքան էլ ասենք, անհայտ ծագման էժան հյութեր մի օգտագործեք, մարդը հարց է տալու, բա ի՞նչ օգտագործենք։ Դա գնային առումով հասանելի է նրան։ Ընդ որում, թանկ ապրանքների դեպքում սպառողի համար էական տարբերություն չի լինելու, իսկ էժանի դեպքում այն զգալի կլինի։ Գիտե՞ք, 500 դրամ վճարողի համար 550 դրամ վճարելը մի բան է, 200 դրամ վճարողի համար 250 դրամ վճարելը մեկ այլ բան է։ Մի դեպքում ապրանքը թանկանում է 10 տոկոսով, մյուս դեպքում՝ 25 տոկոսով»,-մանրամասնեց ՀԿ նախագահը։
Նման փոփոխություն կատարելու որոշումը, և ընդհանրապես նման կարևոր որոշումները, ըստ սպառողների իրավունքների պաշտպանի, պետք է ընդունել քննարկումների արդյունքում, որպեսզի վեր հանվեն հնարավոր բոլոր խնդիրներն ու հետևանքները։
«Պետք է քննարկել՝ ոչ թե դեմ դուրս գալով, այլ քննարկել՝ հասկանալու, տվյալ փոփոխությունը պե՞տք է, թե՞ ոչ։ Բացի բացասական ազդեցությունը, սա որևէ դրական արդյունք չի ունենալու, ավելին ասեմ, հերթական անգամ կպնելու ենք սպառողի գրպանին։ Ակցիզային հարկը պետք է կիրառել այնտեղ, որտեղ դրա սոցիալական բեռը ծանր չի լինում։ Իսկ մենք ի՞նչ ենք արել։ Փորձել ենք եկամտային հարկի մասով ռեֆորմ անել, այդ բոլորը ծակերը ուզում են ակցիզային հարկով փակենք, բայց դա ազդելու է եկամտային հարկերի մուտքերի վրա, չի բացառվում, որ դա բացասաբար ազդի նաև ԱԱՀ-ի վրա»,-ասաց նա։
Նա հույս ունի՝ գործադիրում հնչած կարծիքները հաշվի կառնեն ու կհրաժարվեն օպերատիվ կերպով քննարկած նախաձեռնությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին