«Իրատես». Նշանակում է խուսափել պատասխանատվությունից և Ղարաբաղը թողնել մենակ
«Իրատեսը» զրույցել է ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանի հետ ներքին և արտաքին թեմաների շուրջ։
-Իշխանափոխությունից հետո հասարակությունն արտաքին և ներքին քաղաքականությունում սպասում էր լուրջ տեղաշարժերի։ Նոր իշխանությունը հայտարարեց, որ պահպանում է նախկինների արտաքին քաղաքական կուրսը, բայց ի՞նչ ունենք այսօր։ Սիրիա զորախումբ ուղարկեցինք, վաստակելով ԱՄՆ-ի դժգոհությունը, չստանալով նաև Ռուսաստանի դրական վերաբերմունքը (ռուսական ԶԼՄ-ները ողողված են ոչ հայանպաստ հայտարարություններով)։
-Մեկ տարի առաջ՝ մայիսի 1-ին և 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվում, հիշեք, թե մենք ինչ հարցեր էինք տալիս։ Մեզ բացարձակապես չէր հետաքրքրում նրա սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, դա իր և իր համախոհների խնդիրն է։ Մեր հիմնական հարցադրումները վերաբերում էին արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը և ղարաբաղյան հիմնախնդրին, որովհետև ունեինք մտահոգություն, որն ամբողջովին հիմնավորված էր։ Եթե պատահական մարդուն տանես լավագույն «Բոյինգի» ղեկին նստեցնես, չես կարող ակնկալել, որ ամեն ինչ լավ կլինի։ Տեսեք, թե մենք ինչի էինք հասել, որով հպարտանում էինք։ Վրաստանը և Ռուսաստանը պատերազմում էին, մենք ասում էինք՝ և Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք, և Վրաստանի հետ հարևան-բարեկամ ժողովուրդներ եք։ Հենց այսպես էլ շարունակեցինք մնալ։ Իրանը և ԱՄՆ-ը թշնամական հարաբերություններ ունեն, բայց մենք կարողանում էինք այդ երկու երկրների հետ բարեկամական հարաբերությունները պահել։ Այնքան նուրբ արտաքին քաղաքական դիրքորոշումներ ունեինք, որ մեր տեսակետը բոլորին հասկանալի էր։ Ասում էինք, որ ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց համագործակցում ենք նաև ՆԱՏՕ-ի հետ։ Երկուսն էլ հասկանում էին մեր դիրքորոշումը, ազնիվ բացատրում էինք, մութ խաղեր չէինք տալիս։ Այսօր անհնար է մի բան թաքուն անել, որ մեկ ժամ հետո այդ պետությունների ղեկավարները չիմանան։ Այսինքն, մենք ասում էինք, որ «և՛-և՛»-ի քաղաքականություն ենք վարում և շիտակ հարաբերությունների մեջ էինք բոլոր գերտերությունների հետ։ Նոր իշխանությունն ասաց, թե մեր արտաքին քաղաքական կուրսը պահպանում է ու, այո, կարողացան «և-և»-ը պահել՝ և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի, և Եվրոպայի, և Իրանի հետ հասցրին հարաբերությունները հիմնահատակ փչացնել։
-Ինչպե՞ս փչացրին։
-Անմիտ գործողությունների պատճառով մեր պետությանը և նրա ղեկավարին այլևս լուրջ չեն ընդունում։ Յուրաքանչյուր կողմ ստանում է այն, ինչ ուզում է։ Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ տեղի ունեցածը Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի մյուս անդամները պետք է ընդունեին որպես ոտնձգություն ՀԱՊԿ-ի հեղինակության հանդեպ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Որևէ լուրջ, հավասարակշիռ մարդու ուղեղով նման բան չէր կարող անցնել, որ իշխանությունը կգնա այդպիսի քայլի։ Որոշ մարդիկ, որ միկրոֆոնը տեսնում են, ընկնում են էյֆորիկ վիճակի մեջ և չեն հասկանում, որ չկա ներքին և արտաքին լսարան։ Հանրապետության ղեկավարի ցանկացած միտք վայրկյան հետո բոլորի սեփականությունն է։ Հեղափոխական, միտինգային ոճին հատուկ արտաքին քաղաքականության վերաբերյալ մտքերը հանգեցրին այն բանին, որ Ռուսաստանի մոտ խոր կասկածներ առաջացան Հայաստանի նոր իշխանության վերաբերյալ։ Բոլորս տեսանք, ցավոք, թե ինչ վերաբերմունքի արժանացավ մեր վարչապետը Բելառուսի ղեկավարի կողմից։ Նման ստորացուցիչ արտահայտություն որևէ գործընկեր երկրի ղեկավար մյուսի հանդեպ չէր ասել։ Ղազախստանի վերաբերմունքն էլ չասեմ։ Այսինքն, երբ Ռուսաստանին փորձում ես սիրաշահել անմիտ գործողություններով, Սիրիա զորախումբ ես ուղարկում, շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ դա շատ վատ է ընդունելու ԱՄՆ-ը։ Ավելին, երբ ԱՄՆ դեսպանին էին ճանապարհում, որին շատ քիչ մարդ էր հրավիրված, ես իրեն հարց ուղղեցի, թե ինչպես եք վերաբերվում Սիրիա փոքր, մարդասիրական զորախումբ հնարավոր ուղարկելու հարցին։ Գիտեի նրանց վերաբերմունքը, բայց ուզում էի, որ դա լսեն Փաշինյանի կուսակիցները, որոնք ևս այնտեղ էին, որ հասկանային դրա հետևանքները։ Պատասխանը շատ հստակ էր։ Հետո որպեսզի սիրաշահեն ԱՄՆ-ին, անմիտ արտահայտություններ են անում Իրանի հանդեպ։ Այն երկրի, որը մշտապես մեր կողքին է եղել՝ վաստակելով Ադրբեջանի, Թուրքիայի հանդիմանանքը։ Եվրոպայի հանդեպ ևս անմիտ հայտարարությունների պակաս չեղավ։ Իրենց թվում է, որ հեղափոխություն են արել, ողջ աշխարհը պետք է ողջունի, ուրախանա, ներդրումներ անի, գումարներ տա։ Զարմանում եմ այս մարդկանց կարճամտության վրա։ Երբ Եվրոպայից փոքր գումարներ ստանալու մասին խոսք եղավ (ԵՄ-ի հետ համաձայնագիրը ենթադրում է նաև որոշակի ֆինանսական օժանդակություն), հրապարակային ի՞նչ հայտարարություն արեց` մի օլիգարխի թափ կտամ, գրպաններից այդքան փող կթափվի։ Դա պետության ղեկավարի խո՞սք է։
-Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին սեփական լեզու՞ն է։
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին Նիկոլ Փաշինյանն է՝ իր վարքագծով, բառապաշարով, քաոտիկ տրամաբանությամբ և գործողություններով։ Արտաքին քաղաքականության վերաբերյալ մի բան է ասում, հետո ողջ պետությունը փորձում է դրա տակից դուրս գալ։ Արտաքին քաղաքականությունն իներցիոն բնույթ է կրում, բոլորը սպասողական վիճակում են, բայց իրենց հստակ գնահատականը տալիս են։ Մայիսի 1-ին և 8-ին ունեցած մեր մտահոգությունը, ցավոք, դարձավ մտավախություն և այսօր դաժան իրողություն է, որին մեր ժողովուրդը պետք է փորձի դիմակայել։
-Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Ձեր մտավախությունը ո՞րն է, վատ հեռանկա՞ր եք տեսնում։
-Այո, երբ ԱՄՆ-ի դեսպանն ասաց` «տարածքներ խաղաղության դիմաց», որը նոր գաղափար էր, ինչը նշանակում է, որ երեք սկզբունքներից մեկը՝ ինքնորոշման իրավունքն այդտեղ այլևս չկա, իշխանությունը պարտավոր էր անմիջապես հակադարձել դրան։ Հստակ տեսակետ հայտներ, որ դա մեզ համար անընդունելի է։ Լռություն կամ անկապ պատասխան, թե հեռացող դեսպանի հայտարարություն է։ ԱՄՆ-ի հեռացող, մնացող դեսպան լինելը նշանակություն չունի, նա արտահայտում է պետքարտուղարության տեսակետը։ Դրանից հետո Բոլթոնը եկավ ու կրկին այդ գաղափարը շրջանառության մեջ դրեց։ Սա դարձավ խիստ մտահոգիչ ոչ միայն մեր, ժողովրդի, այլև հենց իր կուսակիցների համար։ Հասկացավ, որ մեծ հակընդդեմ ուժ է իր դեմ դուրս գալու, և այդ գիծը չի կարող առաջ տանել։ Թույլ է տալիս նաև դիվանագիտական անհեթեթություններ, ասում է՝ Ալիևը կիրթ մարդ է։ Անցած ամիսների ընթացքում բոլորը հետաքրքրվում են` ի՞նչ սկզբունքների շուրջ են բանակցություններն ընթանում, ասում է՝ չենք բանակցում։
-Դեռ բանակցային պատմությունն են ուսումնասիրում։
-ՈՒ՞մ հետ, Ալիևի՞։ Գուցե իրենից առաջ եղած նախագահների կամ արտգործնախարարների՞ հետ խոսի, որոնք ողջ գործընթացին տիրապետում են։ Ինչու՞ ես Ալիևի հետ ուսումնասիրում, քո շահառուն, ազգակիցը Ալիև՞ն է, թե՞ ՀՀ նախկին նախագահները կամ արտգործնախարարները։ Եթե կա հանդիպում, քննարկում են հարցը, սկզբունքը ո՞րն է, քննարկու՞մ են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հիմնարար երեք սկզբունքները։ Այդ հարցին չեն պատասխանում, դրա համար էլ մտավախությունները մեծացել են։ Արցախի պատերազմի հերոսների հանդեպ քրեական գործերը, հետապնդումները մենք որակում ենք որպես Արցախի, հաղթանակի դեմ կատարվող ոտնձգություն։ Սա ուղեկցվում է նաև այն քարոզչությամբ, որ արցախյան հաղթանակն այնքան մեծ նշանակություն չունի, որքան քայլելով հեղափոխություն անելը։ Սա ամենակեղտոտ և ստոր քարոզչությունն է, սրանից ավելի մեծ ապազգային միտք մեր պատմության մեջ չեմ լսել։ Ժողովրդի շրջանում քարոզ են անում, որ ժողովուրդն ատի իր հաղթանակը։ Հազարամյակի ընթացքում հայը ոչ թե կորստյան, այլ հաղթանակի երգ է սկսել երգել, հայրենիքը սկսել է վերագտնել, վերատիրանալ, դուք ատու՞մ եք այդ հաղթանակը։ Սա է ամենավտանգավորը։ Հաջորդ վտանգը. վերելակի մեջ պայմանավորվել են, որ իրար վրա չեն կրակում, շատ լավ, բայց ինչ տեղի ունեցավ, Ալիևն այդ դադարից օգտվեց և Նախիջևանի ուղղությամբ հսկայական ինժեներական աշխատանքներ կատարեց, հիմա էլ հպարտորեն ասում է, որ տիրապետում են ստրատեգիական բարձունքներին, և դեպի հարավ գնացող ճանապարհը լրիվ իրենց նշանառության տակ է։ Բա ինչո՞ւ մինչև հիմա չէին անում, որովհետև դա ոչ մեկը թույլ չէր տա։ Եթե այս իշխանությանը թողնենք անի այն, ինչ անում է, մեր պետությունն էլ, Ղարաբաղն էլ կտանի կործանման։
-Մինչ այս իշխանությունն անընդհատ ասում է, թե Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, Ալիևը հայտարարեց, որ դա անգամ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը չի ստացել։
-Դա նոր գաղափար չէ, դա Լևոն Տեր-Պետրոսյանն առաջ քաշեց, որը նշանակում է խուսափել պատասխանատվությունից և Ղարաբաղը թողնել մենակ։ Ցավոք, և Մինսկի խմբի համանախագահները, և այդ երկրների առաջնորդները տարբեր առիթներով այս ձևաչափն են ճիշտ համարում։ Իսկ մենք գիտենք, թե դա Տեր-Պետրոսյանն ինչի համար էր ասում, ինքը բացեց իր ողջ զինանոցը, որն ազգադավ քաղաքականություն էր։ Ավելի քան 20 տարի առաջ էր փորձում այդ քաղաքականությունն իրականացնել, որը չստացվեց։ Հիմա էլ նույնն են փորձում անել։
-Կարելի՞ է ասել, որ այսօրվա արտաքին քաղաքականությունն ինքնահոսի է մատնված՝ տեղ-տեղ ընդմիջվելով «միտինգային» ելույթներով։
-Արտաքին քաղաքականության հիմնական բնութագրիչը քաոսն է, որը բնորոշ է նաև ներքին քաղաքականությանը։ Քաոս է, որովհետև նրանց մտքում էլ է քաոս։
(ամբողջական հարցազրույցը՝ irates.am)
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին