Համապետական կոռուպցիա
Ցուցարարները դեռ չէին հասկացել, որ փողոցային ցույցերին ուղեկցող ալան-թալանը պետք է դադարեցնել` քանի որ իշխանափոխությունը տեղի է ունեցել, երբ դեռ ո՛չ ամբողջությամբ «լեգիտիմ» վարչապետ Փաշինյանը ի լուր աշխարհի հայտարարեց, թե մեր երկրում կոռուպցիա էլ չկա` քանի որ ինքն այդ հավերժական երևույթը մեր երկրից անշրջելիորեն արմատախիլ է արել։ Անփորձ վարչապետի անհիմն պնդումը հիմնված էր այն պարզ դատողության վրա, որ եթե ինքը (դեռ) կաշառք չի՛ վերցնում` ուրեմն ո՛չ ոք չի կարող կաշառք վերցնել։
Հետո եկան ժամանակներ, երբ ամեն քպական, քայլ արած հեղափոխական ու Փաշինյանի մերձավոր իր թաղում կամ գյուղում, հիմնարկում կամ աչք դրած օբյեկտում հակահեղափոխական «թշնամուց» խլում ու իրենով էր անում` ինչ ուզենա։ Դա թավշյա անարխիայի փուլն էր, երբ գործ տալն ու շանտաժը մերժված անցյալի դեմ հեղափոխական պայքարի գլխավոր զենքն էր` երբ դեռ ողջ թափով չէր գործում պետական ռեկետը, քաղաքական ռեպրեսիաների մեխանիզմը, հեռախոսային ու անցումային արդարադատությունը։ Դա անորոշության այն շրջանն էր, երբ թավշյա վարչապետը դեռ չգիտեր, թե ինչպե՞ս է «մերժելու» իրեն առաջարկված առաջին անխուսափելի կաշառքը։
Մերժել թավշյա վարչապետն այդպես էլ չսովորեց։ Օգնեց, օրինակ, ՊՎԾ պետը։ Նա իր պաշտոնավարման առաջին իսկ պահից չէր մերժել և ո՛չ մեկին, իսկ վարչապետի «փայը» առանձնակի դուխով էր փոխանցում հատուկ այս նպատակով արագ բացված հաշվեհամարներին ու ստեղծված հիմնադրամներին։ Սա թավշյա վարչապետի կայացման փուլն էր, երբ քաղաքական, տնտեսական ու իրավական կյանքի բնորոշիչներ դարձան «պատին ծեփել», «ասֆալտին փռել», «էտ ով ա էն դատավորը, որ իմ ասածը չանի» լեքսիկոնը, սպառնալիքի ու ռեպրեսիայի մեքենան։
Դա մեր երկրի կյանքում այն տարօրինակ ու աննախադեպ շրջանն էր, երբ բոլոր «շռայլ» օլիգարխները մեկեն դառնում էին սեփականատեր, առավել համառները կալանվում ու իրենց ազատությունը «գրավ» անվանումն ստացած պարտադիր վճարներով գնում էին, մեղավոր նշանակված անմեղներին էլ, առանց որևէ հիմքի, անբեկանելիորեն կալանում ու նրանց դեմ հնարովի քրեական գործեր էին թխում։ Իսկ սեփական գյոռմամիշությունից զարմացած թավշյա վարչապետը հրապարակավ պարծենում էր, թե` իրեն հարկավոր գումարը կարող է ուզած պահին ստանալ` ցանկացած օլիգարխի թափ տալու ճանապարհով։
Այսպես ՊՎԾ պետի օրինակը դարձավ օրինակելի ողջ թավշյա պետական համակարգի համար և կոռուպցիան դարձավ թավշյա իշխանության այցեքարտը։ Աճապարանքով անցկացրած արտահերթ ընտրություններից անմիջապես հետո դեռ չկազմավորված կառավարության դեռ չնշանակված նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները, դեռ մանդատներ չստացած պատգամավորները, քաղաքապետերն ու գյուղապետերը սկսեցին իրենց վարչապետի օրինակով ու առանձնակի հեղափոխական ջանադրությամբ յուրացնել պետական բյուջեի իրենց վստահված միջոցները։
Արդեն տարեվերջին բոլորն էին զգացել թավշյա իշխանության մոտալուտ վախճանի գարշահոտը և ահավոր աճապարում էին` հնարավորին առավելագույնը գռփել պետությունից ու ժողովրդից, իրենց վասալությունը ճանաչած օլիգարխներից ու նույնիսկ իրենց անմեղության մեջ խորապես հավատացած բոլոր նախկիններից։ Եվ ինչո՞ւ որևէ քպական ու պետական պաշտոնյա պետք է չգողանա կամ հրաժարվի կաշառքից, եթե ինքը` պետության առաջին դեմքն ու առաջին տիկինն են կոռուպցիոն բուրգի գագաթին։ Այսօր դրանում համոզվելու համար բավարար է թերթել մամուլը, լուրեր կարդալ կամ ծանոթանալ վարչապետական ընտանիքի հիմնադրամներին փոխանցումներ կատարածների ցանկին, փախանցումների ծավալներին ու ամսաթվերին, նաև կատարել որոշակի համադրումներ։
Ըստ ամենայնի, այսօր թավշյա իշխանությունն առաջնորդվում է 1953-ի բերիյական համաներումից հետո հանցավոր աշխարհում առաջացած կործանարար գաղափարով. նախկիններից ու նրանց ստեղծածը գողանալը չի՛ պատժվում։ Այս կերպ քպականներն ու առկա թավշյա իշխանությունն ուղեղներից հանել են հոգևոր ու նյութական աղքատությունը և ուղեղում ունի միայն` գողանալով, կաշառք ստանալով, ուրիշի գույքն ու միջոցները յուրացնելով հարստանալու միտքը` որ ներմուծել է թավշյա վարչապետը։
Այդպես էլ ծայրահեղական ընդդիադիր խմբագրից ու պատգամավորից վարչապետ չդարձած, պետության ղեկավարի պատասխանատվությունը չգիտակցած Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, առաջնորդվում է «գողություն չէ, այլ արդար դաս` թե ուրիշի գողացածը դու գողանաս» կամ «էքսպրոպրիատորների էքսպրոպրիացիա» մանկուց սերտած պատկերացումներով։ Հեղափոխական իրավիճակներում գուցե և` ժողովրդական առածը կամ բոլշևիկյան լոզունգը կարող են ուղեգիծ որոշել, բայց երբ «սեփականության վերաբաշխում չի լինելու» թեզը հայտարարած երկրի վարչապետն է շահադիտորեն գնում այդ ուղիով, ապա դա կործանում է հենց պետությունը և դեգրադացնում է ժողովրդին։
Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործին, Արցախի հերոսին առաջադրված մեղադրանքին հանգամանորեն ծանոթանալու դեպքում միանգամայն հիմնավոր կարելի է պնդել, որ այս շինծու քրեական գործի հիմքում նաև թավշյա վարչապետի կոռուպցիոն նպատակներն են։ Ակներև է, որ մարտի 1-ի ոճրագործներին հայտնաբերելու, 10 զոհերի պատճառներն ու հանգամանքները բացահայտելու, կազմակերպիչներին, կատարողներին ու մեղավորներին հայտնաբերելու որևէ նպատակ չի էլ դրված։
Ռոբերտ Քոչարյանն ըստ էության մեղադրվում է իր կարգավիճակից անմիջականորեն բխող անշրջանցելի պարտավորությունները անվերապահորեն կատարելու համար։ Պարզապես, սահմանադրական իր պարտականությունները կատարած նախագահը թավշյա ժամանակներում մեղավոր է նշանակվել, քանի որ 2008-ին օրենքները կիրառել է նաև 2018-ին վարչապետ դարձած թավշյա վարչապետի դեմ։
Հնարածին քրգործի նպատակը` քաղաքական հաշվեհարդարի միջոցով Ռոբերտ Քոչարյանին «վնասազերծելն է», որ նա չկարողանա խանգարել թավշյա իշխանության չար, հակապետական, ազգադավ նկրտումները կյանքի կոչելուն։ Իսկ եթե դա «հաջողվի», ապա թավշյա վարչապետը բացահայտ ակնկալում է, որ ոչ միայն կազատվի իր միակ հետևողական ու ծանրակշիռ ընդդիմադիրից, այլ նաև` քաղաքական ու պետական կոռուպցիայի ճանապարհով կտիրանա Քոչարյանների ունեցվածքին։
Սիմոն Գյուրջյան
Հարակից հրապարակումներ`
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրենը բացատրություններ է տվել ԱԱԾ-ում
- ՊՎԾ պաշտոնյանների ձերբակալության մասին ԱԱԾ-ն ու ՊՎԾ-ն, արդեն մեկ օր է, լռում են
- ԱԱԾ-ն ոչ հերքում է, ոչ էլ հաստատում պետական վերահսկողական ծառայությունում ձերբակալությունների լուրը
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին