Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» Երևանում
Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 3-ին և 5-ին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը կներկայացնի իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» երկու գործողությամբ օպերայի լիարժեք բեմադրությունը՝ ճանաչված համաշարհային և հայաստանյան մենակատարների կատարմամբ: Այս մասին հայտնում են ֆիլհարմոնիկը։
Ռոզինայի դերում հանդես կգա Աննա Կասյանը (սոպրանո, Ֆրանսիա), Ֆիգարոյի՝ իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջերին, կոմս Ալմավիվայի՝ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր, Հայաստան), Բարտոլոյի՝ բաս Եվգենի Ստավինսին (Ռուսաստան), Դոն Բազիլիոյի՝ մեր հայրենակից Վազգեն Գազարյանը (բաս, Գերմանիա): Բերտային կմարմնավորի տաղանդավոր սոպրանո Ալինա Փահլևանյանը, Ֆիորելլոյին՝ հրաշալի կոմիկ դերասան, բարիտոն Կիմ Սարգսյանը (Հայատան): Հագուստների և բեմի ձևավորումը փարիզաբնակ ճանաչված մոդելավորներ Գևորգ և Վարդան Թառլոյաններինն է: Բեմում կլինի Հայաստանի Ագային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Մասնակցում է նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան:
«Սևիլյան սափրիչ»-ի բեմադրությունը նաև առանձնահատուկ է նրանով, որ այս օպերան Հայաստանում վերջին անգամ հնչել է 14 տարի առաջ, 2005թ.-ի մայիսի 25-ին՝ Է. Թոփչյանի ղեկավարությամբ (համերգային կատարում): Արդեն երկու տասնամյակից ավել է, ինչ կատակերգական օպերա չի բեմադրվել Հայաստանում:
Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» ուղղակի երաժշտական հրաշք է, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը քսան օրում՝ Բոմարշեի համանուն կոմեդիայի հիման վրա: Առաջին կատարումը եղել է 1816թ.-ի փետրվարի 20-ին, Հռոմի «Տեատրո Արջենտինա»-ում: Ժամանակն անզոր է այս հանճարեղ օպերայի նկատմամբ: Հիացմունքի արժանի և արբեցնող նախերգանքից մինչ վառ ֆինալ օպերայից հորդում է այնպիսի հզոր կենսական էներգիա, երաժշտական հումոր, որ նա հաղթանակած է դուրս գալիս յուրաքանչյուր համեմատության մեջ, անգամ մեծն Մոցարտի, ով գրել է «Ֆիգարոյի ամուսնությունը» նույն սկզբնաղբյուրի հիման վրա: Մի առիթով ագնամ Հենդելն է ասել. «Ես երկրորդ անգամ եմ լսում Ռսինիի «Սափրիչը»: Թերևս ես վատ ճաշակ ունեմ, բայց այս Ֆիգարոն ինձ համար ավելի գրավիչ է, քան մոցարտյանը»: